211652_close_icon
views-count1966 դիտում article-date 14:38 18-01-2017

Նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչներին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հունվարի 18-ին ընդունեց հայաստանյան բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչներին` Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանի գլխավորությամբ: Հանդիպման մասնակիցները նախարարին ներկայացրին միջազգային բեռնափոխադրումների գործընթացում առաջացող խոչընդոտներն ու սահմանային անցակետերում հանդիպող խնդիրները: Որպես առաջնային հիմնախնդիր` կողմերը քննարկեցին եղանակային պայմանների հետևանքով ժամանակ առ ժամանակ Լարսի անցակետի փակման հարցը: Նախարարը հայտնեց, որ Վրաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում քննարկվել են այս խնդրի մանրամասները, պայմանավորվածություն է ձեռք բերվել վրացական կողմի հետ: Նրանք հավաստիացրել են, որ ամեն ջանք գործադրելու են ճանապարհների ձնամաքրման և սահմանային անցակետում փաստաթղթային ձևակերպումների արագ իրականացման ուղղությամբ: Ռուսական կողմը ևս խոստացել է փաստաթղթային ձևակերպումները կատարել առանց ձգձգումների: Բեռափոխադրողները ներկայացրին նաև դեպի Եվրոպա բեռներ տեղափոխելու ընթացքում առաջացող խոչընդոտները: Դրանք հիմնականում կապված են վարորդներին վիզայի տրամադրման և բեռների միջազգային ապահովագրության հետ: Նախարարը խոստացավ նաև այս հարցերի լուծման շուրջ հետևողական լինել և պատրաստակամություն հայտնեց ցանկացած խնդրի առաջացման դեպքում հանդիպել ու լսել բեռնափոխադրողներին: Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև բեռնափոխադրող կազմակերպությունների լիցենզավորման կարգի ներդրման հնարավորությունը:

Նմանատիպ նյութեր