211652_close_icon
views-count2433 դիտում article-date 22:00 16-01-2017

Հանձնարարվել է շարունակել ներդրումային ծրագրերի մշակման վերաբերյալ բանակցային գործընթացները

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ շարունակվում են ներդրումային ծրագրերի մշակման և քաղաքապետարանի պաշտոնական էլեկտրոնային կայքէջում դրանց տեղադրման աշխատանքները: Նշվել է, որ զուգահեռաբար ուսումնասիրվում են նաև 2017թ. պոտենցիալ ներդրումային ծրագրերի ծավալները: Հանձնարարվել է շարունակել ներդրումային ծրագրերի մշակման վերաբերյալ բանակցային գործընթացները: Առևտրի վարչության պետը զեկուցել է, որ բացօթյա ապօրինի առևտրի դեպքերի հայտնաբերման նպատակով շաբաթվա ընթացքում, այդ թվում հանգստյան օրերին, վարչական շրջաններում կազմակերպված ստուգայցերի ընթացքում կազմվել է 10 վարչական արձանագրություն: Չսահմանված վայրերում կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման աշխատանքների վերաբերյալ էլ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 13 վարչական արձանագրություն: Հանձնարարվել է շարունակել բոլոր ուղղություններով խստացված հսկողությունը: Քաղաքապետի խորհրդականը զեկուցել է, որ ճանապարհային ոստիկանության հետ համատեղ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության շրջանակում կազմվել է 28 արձանագրություն: Զեկուցվել է, որ նույն ժամանակահատվածում 11 մեքենա դուրս է բերվել երթուղուց՝ ուղևորափոխադրում իրականացնելու համապատասխան նորմերը չպահպանելու համար: Նշվել է, որ շարունակվում են համապատասխան քայլեր ձեռնարկվել տնտեսվարողների կողմից փողոցների որոշակի հատվածներում ավտոկայանմանն ապօրինաբար խոչընդոտող մետաղյա արգելապատնեշների հեռացման ուղղությամբ: Զեկուցվել է նաև, որ շարունակվում է խստացված հսկողությունն ավտոկայանատեղի համար ապօրինի գումարների գանձման դեպքերը բացառելու ուղղությամբ: Իրավաբանական վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունների մատուցման սահմանված կարգի մասին բնակչությանը տեղեկացնելու ուղղությամբ: Այս մասով հանձնարարվել է շարունակել իրազեկման գործընթացը: Աշխատանքային խորհրդակցության ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը մշակույթի և տուրիզմի վարչությանը հանձնարարել է հավուր պատշաճի նախապատրաստվել Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառումներին, ինչպես նաև Բուն Բարեկենդան և Սուրբ Սարգիս եկեղեցական տոներին՝ համագործակցելով Արարատյան հայրապետական թեմի հետ:

Նմանատիպ նյութեր