211652_close_icon
views-count5085 դիտում article-date 23:44 14-01-2017

Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված համերգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունվարի 14-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված համերգ՝ Չինաստանի Գանսյու պարի համույթի մասնակցությամբ։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, Երևանում հավատարմագրված դեսպաններ, մշակութային և հասարակական գործիչներ։ Ողջույնի խոսքով դիմելով միջոցառման մասնակիցներին՝ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, մասնավորապես, ասաց. «Ողջունում եմ ձեզ Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված այս գեղեցիկ միջոցառմանը: Օգտվելով առիթից՝ կցանկանայի շնորհավորել բոլորին` անցած տոների և նաև բարեկամ չին ժողովրդին` գալիք չինական Նոր տարվա կապակցությամբ։ Թեև մեր երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են քառորդ դար առաջ, սակայն հայ-չինական կապերն ունեն դարավոր արմատներ, որոնց մասին իրենց աշխատություններում գրել են դեռևս 5-րդ և 7-րդ դարերի մեր պատմիչները՝ Մովսես Խորենացին և Անանիա Շիրակացին: Եվ այսօր մեր երկու երկրները, հիմնվելով բարի կամքի, փոխադարձ հարգանքի վրա, շարունակում են զարգացնել միջպետական հարաբերությունները և համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում: Անցած 25 տարիների ընթացքում համատեղ հետևողական աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվել է հասնել զգալի ձեռքբերումների մեր երկկողմ հարաբերություններում: Հայաստանի և Չինաստանի միջև հաստատվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, ընդլայնվում են առևտրատնտեսական կապերը։ Վերջին տարիներին նկատելիորեն ակտիվացել են երկկողմ բարձրաստիճան փոխայցերը, որոնց շարքում առանձնանում է 2015թ. մարտին կայացած ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Չինաստան, որի ընթացքում նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպմանը ձեռք բերվեցին կարևոր պայմանավորվածություններ` ուղղված մեր երկու երկրների միջև համագործակցության առավել ամրապնդմանն ու խորացմանը։ Նախորդ տարվա հունիսին կայացած Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետխորհրդի առաջին փոխնախագահ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի անդամ Ճան Գաոլիի պաշտոնական այցը Հայաստան: Ես պատիվ եմ ունեցել Հայաստանում հյուրընկալել իմ չին գործընկերոջը և միաժամանակ առանձնակի ջերմությամբ եմ հիշում իմ այցելությունները Չինաստան: Հայաստանը և Չինաստանն արդյունավետ փոխգործակցում են միջազգային կազմակերպությունների շրջանակներում, ակտիվացել են նաև միջխորհրդարանական փոխանակումները և ապակենտրոնացված համագործակցությունը: Հայաստանը բարձր է գնահատում ՉԺՀ կառավարության կողմից տրամադրվող աջակցությունը՝ ուղղված մեր երկրի տարբեր ոլորտների զարգացմանն ու արդիականացմանը: Տիկնայք և պարոնայք, Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված այս համերգը, որը կազմակերպվել է երկու երկրների Մշակույթի նախարարությունների համագործակցության արդյունքում, խորհրդանշում է այն բացառիկ ջերմ վերաբերմունքը, որ մեր երկու հինավուրց ժողովուրդները տածում են միմյանց հարուստ մշակույթի նկատմամբ: Տարվա ընթացքում Չինաստանում նույնպես կազմակերպվելու են մշակութային տարաբնույթ միջոցառումներ՝ համերգներ, ցուցահանդեսներ, հոբելյանական նամականիշերի թողարկում: Այսօր, բացելով մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված միջոցառումների շարքը, մենք կարող ենք վստահաբար փաստել, որ անցած քառորդ դարի ընթացքում հասել ենք մեծ հաջողությունների մեր հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում: Համոզված եմ, որ առջևում մեզ սպասում են էլ ավելի մեծ նվաճումներ և ձեռքբերումներ, որոնք նոր վառ էջեր կլրացնեն հայ և չին ժողովուրդների դարավոր բարեկամության շտեմարանում: Շնորհակալություն»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր