211652_close_icon
views-count1937 դիտում article-date 16:31 14-01-2017

ՀՀ ՊՆ-ի և «Սիմոնյան» կրթական հիմնադրամի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

Հունվարի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է «Սիմոնյան» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանին և հիմնադրամի խորհրդի անդամ Բեկոր Փափազյանին։ Ողջունելով հյուրերին՝ Վիգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հիմնադրամին ՀՀ պաշտպանության նախարարության հետ սերտ համագործակցության և պարտադիր ժամկետային զինծառայողների ուսուցման նոր համատեղ ծրագրի նախաձեռնության ու պատրաստակամության համար։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ ծրագիրը կնպաստի զինվորների կրթական հնարավորությունների ավելի լայն շրջանակի ձևավորմանը։ «Պետք է այնպես անել, որպեսզի զինվորական ծառայության տարիները նպաստեն ոչ միայն ֆիզիկական ամրապնդմանը, ռազմական ունակությունների ու մասնագիտական կարողությունների զարգացմանը, այլև ընդհանուր գիտելիքների հարստացմանը»,- ասել է Վիգեն Սարգսյանը։ Հիմնադրամի ներկայացուցիչներն իրենց հերթին վստահություն են հայտնել, որ ծրագիրը հաջողելու է, աշխատանքը լինելու է արդյունավետ և շարունակական։ Հանդիպման ավարտին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և «Սիմոնյան» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը ստորագրել են համագործակցության մասին հուշագիրը։ Հուշագրով նախատեսված համագործակցության շրջանակում հիմնադրամի ծրագիր հանդիսացող «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը պատրաստակամ է պարտադիր ժամկետային զինծառայողներին ուսուցանել 21-րդ դարի հմտությունները՝ կենտրոնի ծրագրի հատուկ տարբերակով։ Ուսումնական ծրագիրը ներառում է կենտրոնի արտադպրոցական ծրագրի 14 ուսումնական ոլորտների ընտրանին։ Ծրագրում ներառված են հետևյալ ուղղությունները՝ համակարգչային ծրագրավորում, ռոբոտաշինություն, համակարգչային գրաֆիկա, թվային երաժշտության ստեղծում։ Զինծառայողների ուսումնական գործընթացը կազմակերպվելու է զինված ուժերի զորամասերի մերձակա «Թումո» կենտրոններում՝ նախապես սահմանված գրաֆիկով և 18 ամիս ժամկետով։ Դասընթացներն անցկացվելու են երեք` սկսնակ, միջին և առաջադեմ մակարդակներով։

Նմանատիպ նյութեր