211652_close_icon
views-count9135 դիտում article-date 23:33 14-01-2017

Ձմեռ պապի առաջին բանկային կողոպուտը

Ձմեռ պապն առաջին բանկային կողոպուտն իրականացրել է 1927թ. դեկտեմբերի 23-ին, Տեխասի Սիսկո քաղաքում: Ձմեռ պապի հագուստ հագած նախկին բանտարկյալ Մարշալ Ռաթլիֆը, և նրա գործընկերներ Հենրի Հելմսը, Ռոբերտ Հիլը և Լյուիս Դևիսը (Հելմսի բարեկամը) կողոպտել են ԱՄՆ Ազգային բանկի Սիսկոյի մասնաճյուղը: Մարշալ Ռաթլիֆը նախկին կալանավոր էր, մինչև ազատազրկվելն ապրում էր Սիսկո քաղաքում: Նախկինում դատապարտվել էր Վալերա քաղաքի բանկը կողոպտելու համար: Չնայած Ռաթլիֆը դատապարտվել էր երկար ժամկետով, սակայն պայմանական ազատ է արձակվում 1927թ. դեկտեմբերի սկզբին: Սկզբում նա ծրագրում է կողոպտել Սիսկոյի բանկն իր եղբոր՝ Լիի հետ, սակայն Լին կրկին բանտարկվում է: Եվ Ռաթլիֆը ստիպված ներգրավում է Հելմսին և Հիլին, որոնք ապրում էին Հանսվիլում, ինչպես նաև՝ չհրկիզվող պահարան բացող մի մասնագետի: [img]http://shamshyan.com/ups/images/0781326001484390756371071.jpg[/img] [i]Մարշալ Ռաթլիֆ (Մարշալը՝ հոր և քույրերի հետ)[/i] Հանցագործությունը ծրագրելուց հետո չհրկիզվող պահարան բացողն անսպասելի հիվանդանում է գրիպով: Եվ հանցագործները ներգրավում են Հելմսի անփորձ ազգականին՝ Դևիսին, որին խոստանում են մեծ պարգև: Այդ շրջանում Տեխասում շաբաթական երեք-չորս բանկային կողոպուտ էր կատարվում: Եվ բանկիրների ասոցիացիան 5000 դոլար դրամական պարգև էր խոստացել այն քաղաքացիներին, որոնք ցանկացած բանկային կողոպտչի կվնասազերծեին: Բացի այդ, Ռաթլիֆը գիտեր, որ իրեն անմիջապես կճանաչեն, երբ նա վերադառնա Սիսկո: Դա վտանգում էր կողոպուտի ծրագիրը: Այդ պատճառով Ռաթլիֆը որոշեց քողարկել դեմքը՝ հագնել Ձմեռ Պապի կոստյում և մորուք դնել ու մտնել քաղաք: Այդպիսի դիմակավորմամբ նա բանկում ոչ ոքի մոտ կասկած չէր հարուցի: Տեխասի Վիչիտու Ֆոլս քաղաքում Ռաթֆիլն ու ընկերները ավտոմեքենա գողացան, որով ուղևորվեցին Սիսկո և դեկտեմբերի 23-ի առավոտյան մտան քաղաք: [img]http://shamshyan.com/ups/images/0342221001484390768395721.jpg[/img] [i]Սիսկո քաղաքի կենտրոնական փողոցը[/i] Երբ խումբը մոտեցավ բանկին, Ռաթլիֆը հագավ Ձմեռ պապի կոստյումը, որը վերցրել էր տիկին Միջ Թայլեթից: Վերջինս տնօրինում էր Վիչիտո Ֆոլս քաղաքի այն իջևանատունը, որտեղ իջևանել էր խումբը: Բանկից մի քանի շենք հեռու Ռաթլիֆը, Ձմեռ պապի հագուստ ու դիմակ հագած, իջավ ավտոմեքենայից և ոտքով քայլեց դեպի բանկը: Ճանապարհին նա բարևեց երեխաներին, ժպտաց, կատակներ արեց, շոյեց նրանց գլուխները: Սիսկոյի գլխավոր փողոցը լիքն էր մարդկանցով: Մի մասը զբաղված էին ամենօրյա գործերով, մյուսները՝ տոնին նախապատրաստվելով, քանի որ մեկ օրից Սուրբ Ծնունդն էր: Այնպես որ, ոչ ոք չէր զարմանում տոնի նախօրեին Ձմեռ պապին տեսնելով: Այդպես Ռաթլիֆը երեխաներով շրջապատված մտավ բանկ: [img]http://shamshyan.com/ups/images/0862660001484390781622578.jpg[/img] [i]Սիսկոյի բանկը[/i] Բանկի գանձապահը, հեռվից տեսնելով Ձմեռ պապին, բացականչեց. «Ողջո՜ւյն Սանտա»: Ռաթլիֆը չպատասխանեց, բայց մոտեցավ դրամարկղին, որտեղ արդեն կանգնած էին մի քանի հաճախորդներ և լրացնում էին դեպոզիտները: Գանձապահը դարձյալ բացականչեց «Ողջո՜ւյն Սանտա»: Պատասխան այդպես էլ չհնչեց: Այդ պահին Ռաթլիֆի հանցակից Ռոբերտ Հիլը մտավ բանկ, ատրճանակն ուղղեց գանձապահի վրա և գոռաց. «Ձեռքերդ վեր»: Երկրորդ ավազակը՝ Հենրի Հելմսը, նույնպես մտավ բանկ, ատրճանակը թափահարելով, իսկ այնուհետև ներս մտավ նաև երրորդ հանցակիցը՝ Լյուիս Դևիսը: [img]http://shamshyan.com/ups/images/0570363001484390792180507.jpg[/img] [i]Ձմեռ պապի կողոպուտի մասին գրված գիրքը[/i] Ռաթլիֆը հրեց գանձապահի դիմացի պտտվող դուռը, անցավ գանձապահի սեղանի հետևը և հանեց հագուստի տակ թաքցրած ատրճանակը: Այնուհետև «Ձմեռ պապը» կարգադրեց գանձապահի օգնականին բացել չհրկիզվող պահարանը և սկսեց իր պարկի մեջ լցնել թղթադրամներն ու արժեթղթերը: Դրանից հետո Ռաթլիֆը պահանջեց բացել բանկի պահեստարանը: Բանկի հոգաբարձու տիկիին Բլասենգեյմը իր վեց տարեկան դստեր՝ Ֆրանչեսկայի ձեռքը բռնած մտավ բանկ Ձմեռ պապին տեսնելու հույսով, չիմանալով, որ այնտեղ կողոպուտ էր կատարվում: Միանգամից գիտակցելով վտանգը, տիկին Բլասենգեյմը հետ շրջվեց, բացեց բանկի դրսի դուռը, աղջկան դուրս հրեց և, անտեսելով կողոպտիչների զգուշացումները, աղջկա վրա գոռաց. «Փախի՜ր»: Այնուհետև ինքը նույնպես դուրս նետվեց փողոց և օգնություն կանչելով վազեց դեպի ոստիկանություն: Այդպես տիկին Բլասենգեյմը բանկի կողոպուտի մասին արագ տեղեկացրեց քաղաքացիներին և ոստիկանապետ Բեթֆորդին: [img]http://shamshyan.com/ups/images/0951542001484390804523205.jpg[/img] Ականատեսների վկայությամբ՝ ոստիկանապետ Բեդֆորդը, որը հաղթանդամ մարդ էր, լսելով կողոպուտի մասին, հանեց ատրճանակը և վազեց դեպի բանկը: Միաժամանակ կարգադրեց իր օգնականներին՝ սպաներ Ռեդիսին ու Քարմայքլին, փակել բանկի հետևի դուռը: Ոստիկանապետը դիրքավորվեց բանկի դիմացի պուրակում, իսկ սպա Քարմայքլը դիրքավորվեց խաչմերուկի մոտ՝ փակելով դեպի նրբանցք փախուստի ճանապարհը: Տեսնելով ոստիկանների տեղաշարժը, կողոպտիչներից մեկը ինքնաձիգը ուղղեց հաշվապահի վրա և գոռաց. «Մի՛ նայիր ինձ»: Այդ պահին Ձմեռ պապը փողերով լիքը պարկն ուսին դուրս եկավ պահեստարանից: [img]http://shamshyan.com/ups/images/0526660001484390814689631.jpg[/img] Ո՞վ կատարեց առաջին կրակոցը: Ականատեսներից ոմանք պնդում են, որ առաջինը կրակեց Ձմեռ պապի հագուստ հագած Ռաթլիֆը, որի արձակած գնդակից փշրվեց բանկի պատուհանի ապակին: Այլ աղբյուրներ ասում են, որ առաջինը կրակեց Հիլը, փողոցով անցնող ինչ-որ զինված քաղաքացու ուղղությամբ: Կրակոցին հետևեց պատասխան կրակոցը, և սկսվեցին կրակահերթերը: Հարյուրավոր կրակոց արձակելուց հետո, կողոպտիչները դուրս եկան բանկից և, պաշտպանվելով երկու պատանդներով, շարժվեցին դեպի նրբանցք, որտեղ կայանված էր նրանց ավտոմեքենան: Նրանք ճանապարհին բախվեցին սպաներ Քարմայքլին և Ռեդիսին: Քարմայքլը միանգամից վիրավորվեց: Սպա Ռեդեսը փորձեց դուրս բերել Քարմայքլին կրակի տակից և օգնություն ցույց տվեց: Կողոպտիչները շարունակեցին քայլել և մոտեցան իրենց ավտոմեքենային: Սակայն պուրակի մոտ դիրքավորված շերիֆ Բեդֆորդը կրակ բացեց նրանց ուղղությամբ: Փոխհրաձգության ժամանակ սպանվեց 25 տարի ոստիկանությունում ծառայած ոստիկանապետ Բեդֆորդը: Նրա մարմնից հետագայում հանեցին 5 գնդակ: Բեդֆորդը մահացավ մի քանի ժամ անց՝ Սուրբ ծննդյան գիշերը: Քարմայքլը մահացավ մի քանի շաբաթ անց՝ հունվարի 17-ին: Վեց քաղաքացիական անձինք տարբեր աստիճանի վիրավորումներ ստացան: Կողոպտիչները նույնպես վիրավորվեցին: Փոխհրաձգության ժամանակ Դևիսը ծանր վիրավորվեց, իսկ Ռաթֆիլը ստացավ հրազենային երկու վիրավորում. մեկը՝ ծնոտին, մյուսը ոտքին: Սպա Ռեդիսը վազեց ոստիկանական բաժանմունք, վերցրեց հրացանը և սկսեց ոտքով հետապնդել կողոպտիչներին: Շատ չանցած նա կանգնեցրեց ավտոմեքնայով գնացող մի քաղաքացու և հետապնդումը շարունակեց ավտոմեքենայով: Կողոպտիչների ուղղությամբ արձակած կրակոցներից մեկը շարքից հանել էր հանցախմբի մեքենայի անվադողը: Երբ ամբոխից հետապնդվելով նրանք հասան քաղաքի ծայրը, լքեցին իրենց մեքենան, դուրս եկան և ձեռքի թափահարումով կանգնացրեցին առաջին պատահած մեքենան, որը վարում էր քսանչորսամյա Վուդրո Ուիլսոն Հարիսը: Երբ նրանք տեղափոխվեցին հափշտակված մեքենան, հասկացան, որ չեն կարող վարել այն, քանի որ Հարիսը սրամտորեն պահել էր մեքենայի բանալիները: Իրենց հանցակից Դևիսին անգիտակից վիճակում թողնելով Հարիսի մեքենայում, ավազակները երկու պատանդների հետ վերադարձան իրենց նախկին մեքենան: Այդ ժամանակ վրա հասան հետապնդողները: Եվ ավազակները արագ հեռացան, վիրավոր Դևիսին և գողացված փողերը թողնելով Հարիսի ավոմեքենայում: [img]http://shamshyan.com/ups/images/0798500001484390830590184.jpg[/img] [i]Ռաթլիֆի ատրճանակը[/i] Հետապնդողները բանկ վերադարձրին Ձմեռ պապի և հանցակիցների գողացած փողը, որը կազմում էր՝ 12 հազար դոլար կանխիկ և 150 հազար դոլարի համարժեք արժեթղթեր: Իսկ Դևիսը մահացավ Հոսփիթալ տեղափոխվելուց հետո: Եռյակը շարունակեց փախուստը: Քաղաքից մի քանի կիլոմետր հեռու նրանք բաց թողեցին պատանդներին, լքեցին ավտոմեքենան և թաքնվեցին անտառում: Քաղաքացիներն ու ոստիկանները շարունակեցին հետապնդումները, որոնք շարունակվեցին նաև հաջորդ օրը: Սուրբ Ծննդյան պատարագի ժամանակ բոլորը հավաքվել էին եկեղեցում: Պատարագի վերջում քահանան՝ Սանտա Կլաուսի շորեր հագավ և սկսեց երեխաներին քաղցրավենիք բաժանել: Այդ ժամանակ երեխաներից մեկը բացականչեց. «Սանտա Կլաուս, ինչու՞ թալանեցիր բանկը»: [img]http://shamshyan.com/ups/images/0796359001484390842242726.jpg[/img] Հետապնդումներն ի վերջո հաջողության հասան: Քաղաքացիները, զինվորներն ու ոստիկանները շրջապատեցին ավազակներին բոլոր կողմերից և երկար փոխհրաձգությունից Ռաթլիֆը վիրավորվեց և կորցրեց գիտակցությունը: Մյուս երկուսը թաքնվեցին անտառում: Հետապնդողները կորցրեցին հետքը: Հաջորդ օրը սկսեցին որոնել նաև ինքնաթիռով: Հիլն ու Հելմսը հայտնաբերվեցին և ձերբակալվեցին մի քանի օր անց՝ դեկտեմբերի 30-ին: [img]http://shamshyan.com/ups/images/0472471001484390867409538.jpg[/img] [i]Սիսկոյի քաղաքացիներն ու ոստիկանները Հելմսին և Հիլին բռնելուց հետո[/i] Չնայած ստացած հրազենային վերքերին, ավազակները ողջ մնացին և ի վերջո կանգնեցին դատարանի առջև: Ռաթլիֆից հետո Հելմսը երկրորդն էր, որ կանգնեց դատարանի առաջ: Անմեղսունակ ճանաչվելու անհաջող փորձից հետո, Տեխասի Հանսթվիլ քաղաքում նրան մահապատժի ենթարկեցին 1929թ. սեպտեմբերի 6-ին՝ նստեցնելով էլեկտրական աթոռին: [img]http://shamshyan.com/ups/images/0037685001484390893152816.jpg[/img] Հաջորդ դատապարտվողը Հիլն էր: Մարտ ամսին, Հիլը դատապարտվեց 99 տարվա ազատազրկման: Նա բանտից երեք անգամ փախուստ կատարեց, սակայն երեք անգամ էլ բռնվեց ու վերադարձվեց բանտ: 1940-ականներին Հիլը պայմանական ազատ արձակվեց, փոխեց անունն ու սկսեց զբաղվել գործարարությամբ: 1928-ի հունվարի 27-ին, Ռաթլիֆը զինված հարձակում կազմակերպելու համար դատապարտվեց 99 տարի ազատազրկման: Այդ վճիռը բողոքարկեց տուժող Էմմա Մեյ Ռոբինսոնը, որին պատանդ էին վերցրել կողոպտիչները: Մի քանի ամիս անց, մարտի 30-ին Ռաթլիֆը դատապարտվեց մահապատժի՝ մեղավոր ճանաչվելով Բեդֆորդի և Քարմայքլի սպանության մեջ, չնայած՝ ոչ ոք չէր տեսել, որ նա կրակել է: Այս անգամ վճիռը բողոքարկեց Ռաթլիֆը, սակայն բողոքարկումը մերժվեց: Հելմսի մահապատժի օրը Ռաթլիֆը խելագարվեց: Նրա մայրը՝ Ռիլա Քարթերը, պահանջեց վերանայել գործը և անմեղսունակ ճանաչել իր որդուն: Այս զարգացումը համատարած դժգոհության ալիք բարձրացրեց: Ժողովուրդը պահանջեց մահապատժի ենթարկել Ձմեռ պապի հագուստով կողոպտչին: Դատավոր Դավենպորտի որոշմամբ՝ Ռաթլիֆը տեղափոխվեց Իստլենդի բանտ, այնտեղ սպասելով մահապատժի իրականացմանը: Նոյեմբերի 18-ին Ռաթլիֆը ձևացրեց, թե պարալիչ է ստացել, չի կարողանում ինքնուրույն շարժվել, և խնդրեց բանտախցակիցներին՝ Պաք Քիլբուրնին և «Քեռի Թոմ» Ջոնսին, օգնել իրեն զուգարան հասնել: Միջանցքում Ռաթլիֆը հսկիչից անսպասելի խլեց 6 փամփուշտանի հրացանը և փորձեց փախչել: Մյուս հսկիչները կրակ բացեցին: Փոխհրաձգության ժամանակ ծանր վիրավորվեց «Քեռի Թոմ» Ջոնսը: Այդ տեսնելով Քիլբուրնը հարձակվեց Ռաթլիֆի վրա, տապալեց նրան գետնին, ծեծեց մինչև ուշագնաց անելը, և հետո քարշ տվեց բանտախուց: [img]http://shamshyan.com/ups/images/0871194001484390915809311.jpg[/img] [i]Սիսկոյի դատարանի շենքը[/i] Այդ ժամանակ Սիսկոյի դատարանի դիմաց հավաքված քաղաքացիները շարունակում էին բողոքի ցույցը, պահանջելով պահապատժի ենթարկել Ձմեռ պապի անունը արատավորած Ռաթլիֆին: Ամբոխը հավաքվեց նաև հաջորդ առավոտյան, իսկ երեկոյան հավաքվածների թիվը հասավ 2000-ի: Նրանք փոխեցին իրենց պահանջը: Նրանք արդեն պահանջում էին իրենց դատին հանձնել Ռաթլիֆին: Որոշ ժամանակ անց 15-20 մարդ ներխուժեցին Իստլենդի բանտ, դուրս բերեցին Ռաթլիֆին՝ ոտքերն ու ձեռքերը կապկպված: Ամբոխը Ռաթլիֆին քարշ տվեց Սիսկոյի փողոցներով և կանգ առավ քաղաքային թատրոնի դիմացի հրապարակում: Քաղաքացիները պարան նետեցին էլեկտրասյանը և փորձեցին կախաղան հանել Ռաթլիֆին: Սակայն օղակը դուրս սողաց նրա պարանոցից և Ռաթլիֆն ընկավ գետնին: Երկրորդ անգամ ավելի ամուր պարան բերեցին օղակը հագցրին նրա վզին և ամուր ձգեցին, որ դուրս չընկնի, բարձրացրին 15 ոտնաչափ բարձրության և կախեցին: [img]http://shamshyan.com/ups/images/0272807001484391290235640.jpg[/img] [i]Ռաթլիֆին լինչելու վայրում 1999թ.-ին կանգնեցվել է հուշաքար[/i] Ռաթլիֆի մահն արձանագրվեց կախելուց 20 րոպե անց՝ նոյեմբերի 19-ին ժամը 21:55: Այդ երեկո մահացավ նաև «Քեռի Թոմ» Ջոնսը: Այսպիսով Ձմեռ պապի կողոպուտի արդյունքում զոհերի թիվը հասավ 6-ի: Հաջորդ օրը մինչև կեսօր Ռաթլիֆի դին ցուցադրվեց կահույքի խանութի ցուցափեղկում: Այնուհետև նրա հարազատները վերցրեցին դին և թաղեցին Ֆորտ Ուորտում, Ելեոնի գերեզմանոցում: [img]http://shamshyan.com/ups/images/0730092001484391305538844.jpg[/img] [i]ԱՄՆ Ազգային բանկի Սիսկոյի մասնաճյուղի ներկայիս շենքի պատերից մեկի վրա պատկերված է կողոպուտի պատկերը, ինչպես նաև այդ օրերի թերթերի հոդվածներն ու լուսնակնարները:[/i] [img]http://shamshyan.com/ups/images/0631589001484391314201155.jpg[/img] [i]Ռաթլիֆի օրինակով՝ Ձմեռ պապի հագուստով հանցագործություններ են կատարվել Եվրոպայում, Ուկրաինայում, Ռուսաստանում և այլ երկրներում:[/i]

Նմանատիպ նյութեր