211652_close_icon
views-count3225 դիտում article-date 19:21 13-01-2017

ՀՀ ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնն ամփոփում է կատարված աշխատանքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունվարի 13-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի 2017 թ.-ի կատարած աշխատանքների հաշվետու նիստը, որին ներկա էր ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանը: Ներկայացնելով նախորդ տարում կենտրոնի կատարած աշխատանքները՝ կենտրոնի տնօրեն Աշոտ Պետրոսյանն ըստ ոլորտների ամփոփեց հիմնական գործառույթներն ու ներկայացրեց գրանցված ցուցանիշները: -2016 թ. հեշտ տարի չէր, սակայն հնարավոր եղավ կատարել մեր առջև դրված խնդիրները, որոնց արդյունքն այսօր ակնհայտ է: Մեր կենտրոնի հիմնական նպատակը կանխարգելումն է՝ մարդկային կորուստներից խուսափելու համար: Հավատով ենք, որ 2017 թ.-ը նոր ձեռքբերումների և դրական ցուցանիշների տարի է լինելու: Նախորդ տարի կենտրոնը փորձաքննություն է անցկացրել հանրապետության 10105 օբյեկտներում՝ այդ թվում 4887 վերելակի, 264 գազալցակայանի, 338 բենզալցակայանի, 122 կարուսելի, 1090 կաթսայատան, որոնց հիման վրա կազմվել է թերությունների վերացման 3000 միջոցառումների ծրագիր: Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ն իր առջև դրված խնդիրներն ու ծրագրերը 2016 թ.-ին իրագործել է 93 %-ով: ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հ. Մխիթարյանը դրական գնահատեց կենտրոնի աշխատանքները, սակայն հորդորեց աշխատել նոր եռանդով և տարին ամփոփել նոր արդյունքներով. -Նկատելի և գովելի են այս տարիների ձեր աշխատանքները, բայց 2017 թ.-ին պետք է աշխատել նոր և արտակարգ ռեժիմով, և որ շատ կարևոր է՝ մաքուր ձեռքերով: Իհարկե, եղել են և բացթողումներ, առանձին ու բարդ դեպքեր, բայց նոր տարում պետք է սկսել նորովի: Ակնկալիքները շատ են և պարտավորեցնող: Հուսով եմ, դեկտեմբերին ամփոփելով 2017 թ.-ի աշխատանքները, նոր ցուցանիշներ կներկայացնեք: Անդրադառնալով բենզա և գազալցակայաններում կազմակերպված ստուգումներին՝ Հ. Մխիթարյանը հանձնարարեց վերսկսել ստուգումները և ակտիվ համագործակցել Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության հետ: Լսելով տարբեր ոլորտների զեկույցները՝ Ա. Պետրոսյանը հորդորեց ջրային լողամիջոցները և վերելակները խիստ վերահսկողության տակ պահել: Անմիջապես դադարեցման փաստաթղթեր կազմել այն վերելակների համար, որոնք շահագործման ընթացքում թեկուզ չնչին խնդիրներ կունենան: Ամփոփիչ նիստի ավարտին կենտրոնի տնօրենը ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պատվոգրով պարգևատրեց կենտրոնի 14 աշխատակցի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր