211652_close_icon
views-count8243 դիտում article-date 19:08 13-01-2017

Պավել Մանուկյանի հաշմանդամության կենսաթոշակի տրամադրումը չի դադարեցվել. ԼՂՀ ՊՆ

ԼՂՀ ՊՆ-ն հերքել է ԶԼՄ-ների տարածած տեղեկությունն այն մասին, որ Պավել Մանուկյանին հաշմանդամության թոշակը դադարեցվել է։ Այդ կապակցությամբ նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «Ի պատասխան galatv.am կայքում վերջերս հրապարակված <<Պավել Մանուկյանի հաշմանդամության նպաստի վճարումն Արցախը դադարեցրել է… սլաքներն ուղղում են դեպի Հայաստան>> հոդվածի, որտեղ պնդվում է, որ Պավել Մանուկյանի զինվորական հաշմանդամության համար տրվող կենսաթոշակը դադարեցվել է, իրազեկում ենք, որ սույն տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում: ԼՂՀ գործող օրենքի համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող կենսաթոշակառուի թոշակի գումարը կարող է վճարվել լիազորագրով, որն էլ իրականացվել է մինչև 2016թ. հուլիսը ներառյալ: Քանի որ լիազորագրի ժամկետը լրացել է, հետևապես հետագա վճարումները չեն իրականացվել, սակայն ամենամսյա կենսաթոշակի գումարը շարունակվել է հաշվարկվել մինչև 2017թ. հունվարը ներառյալ: Ներկա պահին Պ. Մանուկյանի չստացած կենսաթոշակի գումարը կազմում է 756.144 ( յոթ հարյուր հիսուն վեց հազար հարյուր քառասունչորս) դրամ և գտնվում է <<Արցախփոստի>> համապատասխան տարածքային բաժանմունքում: Պ. Մանուկյանի կողմից առայսօր չստացված, ինչպես նաև հետագա կենսաթոշակի գումարը կարող է վճարվել քրեակատարողական հիմնարկի ղեկավարի վավերացրած լիազորագրով: Հարկ ենք համարում տեղեկացնել նաև, որ Պ. Մանուկյանի փաստաբանը այս հարցով խոսել է ԼՂՀ Զինկոմիսարիատի ֆինանսատնտեսական բաժնի պետի հետ, որի ընթացքում նրան հայտնվել է, որ կենսաթոշակի վճարումը չի դադարեցվել, ուղղակի անհրաժեշտ է լիազորագիր՝ վավերացված քրեակատարողական հիմնարկի ղեկավարի կողմից: Ուստի բողոքելու փոխարեն պարզապես անհրաժեշտ է քրեակատարողական հիմնարկից ներկայացնել լիազորագիր և ստանալ առայսօր չստացված հաշմանդամության կենսաթոշակը»:

Նմանատիպ նյութեր