211652_close_icon
views-count2790 դիտում article-date 19:10 11-01-2017

Տեղի ունեցավ շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների բացման հանդիսավոր արարողությունը

Այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի ունեցան Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների բացման հանդիսավոր արարողությունները: Մրցաշարերի մասնակիցները և բացման արարողության ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին կյանքից անժամանակ հեռացած Հայաստանի ութակի չեմպիոն Աշոտ Անաստասյանի հիշատակը: Այնուհետև Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը ողջունեց մրցաշարի մասնակիցներին և խոսքը փոխանցեց կանանց մրցաշարի գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Ջուլետա Նահատակյանին`վիճակահանությունն անցկացնելու համար: Նա նախ մասնակիցներին ծանոթացրեց մրցաշարի կանոնադրույթնաը և նշեց, որ չեմպիոնուհու կոչման համար այս տարի կպայքարեն 10 շախմատիստուհի` Արմինե Բաբայանը, Մարիա Գևորգյանը, Աննա Հայրապետյանը, Սիրանուշ Ղուկասյանը, Մարիամ Ավետիսյանը, Նարինե Գասպարյանը, Սուսաննա Գաբոյանը, Աննա Սարգսյանը, Արփինե Գրիգորյանը և Նարե Առաքելյանը, որից հետո տեղի ունեցավ վիճակահանության արարողությունը, իսկ առաջինը համար ընտրեց Հայաստանի գործող չեմպիոնուհի Մարիա Գևորգյանը, ում բաժին հասավ 4-րդ համարը: Այնուհետև համարներ ընտրեցին մրցաշարի մյուս մասնակիցները: Կանանց վիճակահանությունից հետո կատարվեց տղամարդկանց մրցաշարի վիճակահանությունը, որն անցկացրեց մրցաշարի գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը, ով նույնպես նախ ներկայացրեց մրցաշարի կանոնադրությունը և նշեց, որ ինչպես և կանանց մրցաշարում, տղամարդկանց մոտ ևս չեմպիոնի կոչման համար կպայքարեն 10 շախմատիստ` Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն ԱՆդրիասյանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Լ․ Պետրրոսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Կարեն Գրիգորյանը, Մանուէլ Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանն ու Տիգրան Հարությունյանը: Առաջինը համար ընտրեց Հայաստանի գործող չեմպիոն Զավեն Անդրիասյանը, ով` ինչպես նկատեց գլխավոր մրցավար Աշոտ Վարդապետյանը, մրցաշարը սկսեց համեստ` ընտրելով մեկնարկային 10-րդ համարը: Կանոնադրության համաձայն` մրցաշարերի հաղթողները կընդգրկվեն ազգային հավաքականների կազմեր: Մրցաշարերի առաջին տուրի պարտիաները կմեկնարկեն հունվարի 12-ին` ժամը 15:00-ին:

Նմանատիպ նյութեր