211652_close_icon
views-count8188 դիտում article-date 21:15 10-01-2017

Բաքվի դատարանը ազատ արձակեց բլոգեր Մեհման Հուսեյնովին

Բաքվի դատարանը ազատ է արձակել բլոգեր Մեհման Հուսեյնովին: Դատավորը նրան մեղավոր է ճանաչել ոստիկաններին չենթարկվելու համար, 200 մանաթ տուգանք սահմանել և ազատ արձակել դատարանի դահլիճից: Ադրբեջանական ԶԼՄ-ները, մասնավորապես՝ «Թուրանը» հաղորդում են, որ Հուսեյնովին բերման են ենթարկել երեկ երեկոյան: Այսօր դուրս գալով դատարանից, Հուսեյնովը պատմել է, որ երեկ երեկոյան ութ մարդ հարձակվել է իր վրա, փակել բերանը, գլխին պարկ հագցրել, էլեկտրաշոկով խոշտանգել ու խցկել ավտոմեքենայի մեջ: «Երեք ժամ ինձ պահում էին դեմքով ներքև, պարկը գլխիս, ինձ խփում էին, ես զգում էի որ քթիցս արյուն է գալիս, շունչս չէր հերիքում, ինձ վիրավորական խոսքեր էին ասում, բաց ես նրանց ասում էի՝ ինչ էլ անեն, իմ աշխատանքից չեմ հրաժարվի»,- ասել է նա՝ հայտարարելով որ ինքը «կոտրված չէ»: Ադրբեջանի ոստիկանության արձանագրությունում գրված է, որ մի քաղաքացի դիմել է իրենց, բողոքելով որ Մեհման Հուսեյնովը ուսով հրել է իրեն, իսկ հետո վիրավորել: Տեղ հասած ոստիկաններին ևս նա կոպտել է ու և չի ենթարկվել նրանց օրինական պահանջներին: Այդ պատճառով Հուսեյնովի դեմ մեղադրանք է առաջադրվել, որը նախատեսում է 30 օրվա կալանք կամ տուգանք: Մեհման Հուսեյնովը մի շարք հեռուստառեպորտաժներ էր պատրաստել իշխանությունների վերին էշելոններում տիրող կոռուպցիայի մասին, ներառյալ նախարարներ, պատգամավորներ, օլիգարխներ: Նա նաև նկարահանում էր պաշտոնյաների վիլլաներն ու առանձնատները, որոնք կառուցվել են գողացված փողերով, հարցազրույցներ վերցնում բանվորներից, ում աշխատավարձերը այդ վիլլաների տերերը հրաժարվել են վճարել, հաղորդում է «Թուրանը»:

Նմանատիպ նյութեր