211652_close_icon
views-count2370 դիտում article-date 18:50 10-01-2017

Տոնական օրերին քաղաքացիների կողմից բարձրացված բոլոր հարցերն օպերատիվ լուծում են ստացել. Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, մինչ օրակարգային հարցերին անցնելը, քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր գոհունակությունն է հայտնել քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերին ու քաղաքապետարանի ենթակայության բոլոր կառույցներին՝ տոնական ոչ աշխատանքային օրերին սահմանված հերթապահությունն ու համապատասխան հսկողությունը պատշաճ կազմակերպելու և իրականացնելու, ինչպես նաև քաղաքացիների կողմից բարձրացված բոլոր հարցերին օպերատիվ արձագանքելու համար: Ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացվող հսկողության հետ կապված զեկուցվել է, որ տոնական օրերին գրանցված բոլոր դեպքերի մասով կազմվել են վարչական արձանագրություններ: Զեկուցվել է նաև, որ նախորդ տարի գույքագրված 235 լքյալ կրպակներից արդեն ապամոնտաժվել են 123-ը: Այս ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն նաև ընթացիկ տարում: Չնախատեսված վայրերում կենցաղային և շինարարական աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման աշխատանքների մասով՝ իրավաբանական վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 22 վարչական արձանագրություն: Քաղաքապետը հանձնարարել է բոլոր ուղղություններով շարունակել խստացված վերահսկողությունը: Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ տոնական օրերին հասարակական տրանսպորտի կանոնավոր աշխատանքն ապահովելու ուղղությամբ սահմանվել է խիստ հսկողություն: Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացվող հսկողության շրջանակում էլ կազմվել է 11 արձանագրություն: Զեկուցվել է նաև, որ շարունակվում է խստացված հսկողությունը ավտոկայանատեղի համար ապօրինի գումարների գանձման դեպքերը կանխելու և մայթերում ու կամարանցումներում մեքենաների կայանումը բացառելու ուղղությամբ: Հանձնարարվել է բոլոր ուղղություններով շարունակել խստացված հսկողությունը: Անդրադառնալով մայրաքաղաքի տոնական ձևավորման նկատմամբ սահմանված հսկողությանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանն ու «Երքաղլույս» ընկերությանը հանձնարարել է շարունակել հսկողությունը մինչև հունվարի 13-ը, այնուհետ կազմակերպել դրանց ապամոնտաժումն ու պատշաճ պահեստավորումը: Աշխատակազմի արտաքին կապերի վարչությանը և վարչական շրջանների ղեկավարներին էլ հանձնարարվել է նախապատրաստել և հաստատման ներկայացնել Երևանի վարչական շրջանների և ՀՀ մարզերի ու ԼՂՀ շրջանների միջև 2017թ. համագործակցության ծրագիրը: Աշխատանքային խորհրդակցության ավարտին Տարոն Մարգարյանը հանձնարարել է քաղաքապետի տեղակալներին, ըստ համակարգման ոլորտների, հանրությանը ներկայացնել 2016թ. քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացված ծրագրերի հաշվետվությունը, ինչպես նաև 2017թ. նախատեսված ծրագրերը:

Նմանատիպ նյութեր