211652_close_icon
views-count2740 դիտում article-date 16:10 10-01-2017

ՀՔԾ. Ոստիկանության պաշտոնյան չարաշահել է պաշտոնեական դիրքը և կատարել խարդախություն

Պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման և խարդախության դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի նյութերի հիման վրա հարուցված նոր քրեական գործը: Հիշյալ քրեական գործի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նոր անձնագիր ստանալու համար Գյումրի քաղաքի բնակիչ Հակոբ Ղ.-ին անհրաժեշտ է եղել վերականգնել կորցրած զինվորական գրքույկը, որի համար դիմել է ՀՀ ՊՆ Գյումրու զինվորական կոմիսարիատի պաշտոնյային` մայոր Արտեմ Մ.-ին: Վերջինս, սակայն, տարբեր պատճառաբանություններով ձգձգել է փաստաթղթի տրամադրումը և, իբր, գործընթացն արագացնելու համար Հակոբ Ղ.-ից պահանջել 200 ԱՄՆ դոլար կաշառք: Փաստի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործով Արտեմ Մ.-ն կալանավորվել է: Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ կաշառք վերցնելու պահանջը ներկայացվել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Գյումրու Մուշի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Տիգրան Մ.-ի ներկայությամբ, ով, ի պաշտոնե պարտավոր լինելով կանխել հանցանքն ու մյուս իրավախախտումները, ոչինչ չի ձեռնարկել այդ ուղղությամբ: Ավելին, չարաշահելով Հակոբ Ղ.-ի վստահությունը, արագ անձնագրավորելու պատրվակով նրանից խաբեությամբ պարբերաբար տարբեր չափերի գումարներ է պահանջել և ստացել: Հաշվի առնելով վերոգրյալը` պաշտոնեական լիազորությունների չարաշահման և խարդախության դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 178-րդ հոդվածների 1-ին մասերով հարուցված նոր քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]ՀՀ հատուկ քննչական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր