211652_close_icon
views-count2738 դիտում article-date 13:03 09-01-2017

2017 թ.-ի առաջին խորհրդակցությունը ԱԻՆ-ում. մարզերում ծավալված ժամանակավոր հենակետերը շարունակում են գործել

Հունվարի 9-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ 2017 թ.-ի առաջին խորհրդակցությունը, որը վարեց նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանը: Հ. Մխիթարյանը շնորհակալություն հայտնեց տոնական օրերին ակտիվ և արդյունավետ աշխատանքի համար, անդրադարձավ նոր տարում սպասվող աշխատանքներին. -Ամփոփելով 2016 թ.՝ ակնհայտ են նոր ձեռքբերումները, բայց բացթողումներ նույնպես կան: Առաջիկայում պետք է աշխատել նոր ռեժիմով, նոր եռանդով և նոր տեմպով: Այն վստահությունն ու համբավը, որ ստեղծել և վաստակել է արտակարգ իրավիճակների նախարարությունը, պետք է ամուր պահել և բարեխիղճ շարունակել մեր ծառայությունը: Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը զեկուցեց տոնական օրերին գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Դեկտեմբերի 31-ից հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում փրկարար ծառայությունն արձագանքել է 158 դեպքի: Մ. Ղազարյանն անդրադարձավ նաև դեկտեմբերի 27-ից ՀՀ Սյունիքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում ծավալված ժամանակավոր հենակետերի աշխատանքին: Արագածոտնի մարզի ժամանակավոր վրանային հենակետում գրանցվել է 5 դեպք, անվտանգ տարածք է տեղափոխվել 65 մարդ և 22 տրանսպորտային միջոց: Սյունիքի մարզում ծավալված հենակետում գրանցվել է 2 դեպք, անվտանգ տարածք է տեղափոխվել 48 մարդ և 22 տրանսպորտային միջոց: Այն մարզերում, որտեղ ծավալված են հենակետերը ծառայությունն իրականացվել է նախապես սահմանված կարգով և հերթափոխով: Հենակետերը գործում են մինչ օրս և կշարունակեն հերթապահությունն ըստ անհրաժեշտության: «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանը ներկայացրեց առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը, անդրադարձավ տոնական օրերին կատարված աշխատանքներին: Լ. Վարդանյանը հայտնեց, որ վաղը սպասվում են թույլ տեղումներ, բայց արդեն գրանցված ջերմային ռեժիմը կպահպանվի: Հունվարի 11-ից կնկատվի ջերմաստիճանի անկում հանրապետության այն շրջաններում, որտեղ մինչ օրս համեմատաբար բարձր ջերմաստիճան էր գրանցվել: Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարարական վարչությունների պետերը զեկուցեցին տոն օրերին գրանցված պատահարների և ընթացիկ աշխատանքների մասին։ Զեկուցվեց նաև մարզերում ճանապարհների անցանելիության մասին: Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա. Հովակիմյանը զեկույցում անդրադարձավ սահմանամերձ համայնքներում քաղաքացիական պաշտպանության հենակետերի ստեղծմանն ու ընթացիկ աշխատանքներին: Նշեց, որ պարբերաբար այցելություններ են կազմակերպվում հենակետեր, տեղում ծանոթանում ծառայությանն ու խնդիրներին:

Նմանատիպ նյութեր