211652_close_icon
views-count7183 դիտում article-date 22:31 07-01-2017

Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպում է ունեցել Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտյեխի հետ

Հունվարի 4-ին Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտյեխի հետ։ ՀՀ դեսպանը շնորհավորեց պարոն Շտյեխին նախորդ տարվա նոյեմբերի 16-ին խորհրդարանի վերին պալատի նախագահի բարձր պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ փաստեցին հայ-չեխական քաղաքական երկխոսության և մշակութային կապերի բարձր մակարդակը։ Քննարկվեցին երկկողմ միջխորհրդարանական կապերի ընդլայնման 2017 թվականի ծրագրերը։ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ապրիլյան ագրեսիայի հետևանքների վերացմանն ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերի համատեքստում Սենատի նախագահը վերահաստատեց Չեխիայի դիրքորոշումն առ այն, որ հիմնահարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների միջնորդությամբ վարվող բանակցությունների միջոցով։ Հանդիպման մասնակիցները երկուստեք կարևորեցին հայ-չեխական տնտեսական գործակցության ներուժի արդյունավետ օգտագործումը։ Անդրադարձ կատարվեց նաև Սիրիայի վերջին զարգացումներին, մասնավորապես, սիրիահայության առջև ծառացած հիմնախնդիրներին։

Նմանատիպ նյութեր