211652_close_icon
views-count19478 դիտում article-date 13:06 04-01-2017

«Գառների լռությունը» վտանգավոր է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հետ կապված իրավիճակներում. «Ասպարէզ»

Միացյալ Նահանգներում լույս տեսնող «Ասպարէզ» թերթը գրում է. «Նոր՝ 2017 թուականի նախաշեմին Ադրբեջանի ղեկավարութիւնը Եւրոպայից ուշագրաւ «սուրբծննդեան նուէր» ստացաւ: Կայունութեան եւրոպական նախաձեռնութիւն (ESI) ոչ կառավարական կազմակերպութիւնը օրերս հրապարակել է իր «Խաւիարային դիւանագիտութիւն. եւրոպական ճահիճ» զեկոյցի երկրորդ մասը: Նկատենք, որ 2012թ. ESI-ին արդէն հրապարակել էր «Խաւիարային դիւանագիտութիւն» զեկոյցը, որտեղ բացայայտւում էր Բաքուի իշխանութիւնների կողմից ստեղծուած՝ Ադրբեջանի շահերի լոբիինգ վարող եւրոպացի բարձրաստիճան քաղաքական գործիչներին կաշառելու մեխանիզմը: Ու թէեւ այն ժամանակ զեկոյցը մեծ արձագանգ էր յարուցել, այդուհանդերձ, արմատական փոփոխութիւններ տեղի չունեցան: Ըստ երեւոյթին, կասպիական սեւ խաւիարը, թանկարժէք իրերն ու դրամական շռայլ վարձատրութիւնները, որոնք առատօրէն մատակարարւում էին արեւմուտքի «ընտրեալ» քաղաքական գործիչների կարիքների համար, գերակշռեցին ժողովրդավարական սկզբունքներին ու Եւրոպայի մարդասիրական արժէքներին: Ներկայ զեկոյցի էութիւնը կապուած է ԵԽԽՎ այն պատգամաւորների մերկացումների հետ, որոնց պաշտօնական Բաքուն կաշառել է, որպէսզի նրանք ձախողեն Քրիստոֆեր Շթրասերի՝ Ադրբեջանում մարդու իրաւունքների վիճակի վերաբերեալ զեկոյցը: ESI զեկոյցում հրապարակւում են ադրբեջանցի պատգամաւորների նամակագրութեան տեքստերը տարբեր երկրներից ԵԽԽՎ մի քանի անդամների հետ, ովքեր այդ կառոյցում ակտիւօրէն պաշտպանում էին Բաքուի դիրքորոշումը՝ մարդու իրաւունքների խախտումների փաստերը հերքելու հարցում: Եւրոպացի կաշառուած պատգամաւորներից մէկը դարձաւ իտալացի Լուկա Վոլոնտէն, ով Ադրբեջան է այցելել եւ մի քանի տարի շարունակ դրամական շռայլ փոխանցումներ ստացել: 2011թ. նրա առջեւ խնդիր էր դրուած քննադատութեան արշաւ սկսել Քրիստոֆեր Շտրասերի դէմ Ադրբեջանում քաղբանտարկեալների վերաբերեալ նրա զեկոյցի համար, որն արդիւնքում տապալուեց: Ու եթէ 2012թ. Ադրբեջանին, որը փրփուրը բերանին հերքում էր նման մեղադրանքները, յաջողուեց փակել այդ աղմկայարոյց գործը, այս անգամ արդէն ESI-ին այդ մեղադրանքների առաւել ծանրակշիռ ապացոյցներ ներկայացրեց՝ ներառեալ նրանց գործունէութիւնը, ովքեր ակտիւօրէն հերքում են կոռուպցիայի փաստերը: Ներկայումս ոստիկանութիւնն ուսումնասիրում է Վոլոնտէի նամակագրութիւնը ադրբեջանցի պատգամաւորների հետ, որն ամենայն ակնյայտութեամբ վկայում է նրա կաշառուած լինելու ու Բաքուի իր տէրերի ուղղակի ցուցումները կատարելու մասին: Ադրբեջանական իշխանութիւնների հետ համագործակցութեան բոլոր 4 տարիների ընթացքում Վոլոնտէի հաշիւներին մօտ 3 մլն. եւրօ է փոխանցուել: Պատահական չէ, որ «Խաւիարային դիւանագիտութիւն-2» զեկոյցն սկսւում է «Մարդու իրաւունքները՝ վաճառքի ենթակայ» խորագրով: Կարեւոր է նշել, որ Հայաստանի ու Արցախի ղեկավարութիւնը եւրոպական ատեաններին բազմիցս նախազգուշացրել է այդ կառոյցների՝ սովորական շուկաների վերածուելու վտանգի մասին, որտեղ սեւ խաւիարի ու փողի դիմաց վաճառւում են ժողովրդավարական արժէքներ, իսկ աւելի կոնկրետ՝ մարդկային բարոյականութիւն: Իր կեղտոտ մեթոդներով Ադրբեջանը գործնականում խարխլեց տասնամեակների ընթացքում Եւրոպայում ստեղծուած ժողովրդավարական չափանիշների համակարգը: Կարելի է ասել, արդարութիւնը՝ որպէս բարձրագոյն արժէք, դարձել է փոխանակման առարկայ, որով անբարեխիղճ եւրապաշտօնեաները վարձահատոյց էին լինում ալիեւեան ռեժիմից ստացած առատ ողորմութիւնների դիմաց: Որպէս հետեւանք՝ նրանք աչք էին փակում Ադրբեջանում մարդու իրաւունքների աղաղակող խախտումների վրայ եւ յանցաւոր լռութիւն պահպանում: Բայց այդ «գառների լռութիւնը» շատ աւելի վտանգաւոր էր ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան հետ կապուած իրավիճակներում: Այսօր, երբ հրապարակուած է Կայունութեան եւրոպական նախաձեռնութեան զեկոյցի երկրորդ մասը, սկանդալի հետ կապուած՝ ջրի երես է դուրս եկել նաեւ ԵԽԽՎ ներկայ համանախագահի՝ իսպանացի պատգամաւոր Պեդրօ Ագրամունտի անունը: Պարզւում է, բացի Վոլոնտէից Բաքուն ինտենսիւօրէն համագործակցում էր եւ նրա հետ՝ կոչ անելով արգելափակել Շտրասերի զեկոյցը եւ Ադրբեջանում քաղբանտարկեալների վերաբերեալ հարցը՝ ընդհանրապէս: Հէնց Դոն Պեդրօն, տուեալ կազմակերպութեան ղեկավար դառնալուց առաջ եւ յետոյ, բացայայտ հակահայկական գործունէութիւն էր վարում, տապալում Հայաստանից ԵԽԽՎ անդամների ելոյթները, միաժամանակ ակտիւօրէն առաջ քաշում Լեռնային Ղարաբաղի հարցով ադրբեջանամէտ բանաձեւերի ընդունումը: Չորս տարի առաջ Ադրբեջանի քաղաքական ղեկավարութեանը յաջողուեց չոր դուրս գալ ջրից: Ի՞նչ կը լինի այս անգամ: Յամենայնդէպս, ESI-ին վճռականօրէն է տրամադրուած: Զեկոյցը պարունակում է պահանջ՝ ԵԽԽՎ յունուարեան նստաշրջանին ընդգրկելու Ադրբեջանի պատուիրակութեանը ձայնի իրաւունքից զրկելու հարցը: Ընդգծւում է Ադրբեջանում քաղբանտարկեալների հարցին վերադառնալու ու Շտրասերի զեկոյցը նորից քուէարկութեան դնելու կամ այդ հարցով նոր զեկուցող նշանակելու անհրաժեշտութիւնը, միեւնոյն ժամանակ Ֆրանսիայի, Իսպանիայի, Գերմանիայի եւ այլ պետութիւնների դատախազութիւններին յանձնարարուել է հետաքննութիւն վարել՝ Ադրբեջանի կողմից այդ երկրների պատգամաւորներին կաշառելու փաստերի վերաբերեալ»: ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ Հոդվածն ամբողջությամբ՝ [url=http://asbarez.com/arm/272294/]«Ասպարէզ»[/url] օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր