211652_close_icon
views-count5032 դիտում article-date 00:08 01-01-2017

Մենք նոր տարի ենք մտնում մեր ուժերին վստահ. Նախագահ Սերժ Սարգսյանի Ամանորի շնորհավորական ուղերձը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ամանորյա ուղերձը։ «Սիրելի՛ հայրենակիցներ, Պատմության գիրկն է անցնում 2016 թվականը, որը մեր անկախության վերականգնման քսանհինգ ամյակի տարին էր: Այն իսկապես իրադարձություններով եւ փորձություններով լի ժամանակաշրջան էր: Ապրիլին տեղի ունեցավ քառօրյա պատերազմը: Մարտի դաշտում մեր ժողովուրդը կրկին ապացուցեց, որ իր հավաքական ուժն անկոտրում է, հայրենիքը պաշտպանելու կամքը՝ անսասան: Հայաստանի, Արցախի եւ սփյուռքի միասնությունը նենգ ու դավադիր հարձակումներից չի ընկրկելու: Բոլոր փորձություններից մենք դուրս ենք գալու ավելի ամրացած: Թո՛ղ մեր հիշողության մեջ 2016 թվականը մնա որպես ազգային համախմբման տարի: Անցնող տարում մենք ինքներս մեզ եւ ողջ աշխարհին եւս մեկ անգամ ապացուցեցինք, թե ինչ ասել է ազգային ոգի, ազատության եւ հայրենիքի համար պայքարելու կամք:Այսպիսի ազգային համաձայնությամբ թեւակոխում ենք մեր անկախ պետականության երկրորդ քսանհինգ ամյակը: Մեր անկախության առաջին շրջանը պատերազմ եւ դժվարություններ դիմագրավելու փուլ էր: Այդ ընթացքում կերտեցինք Արցախի ազատամարտի հաղթանակը, դրեցինք հայոց անկախ պետության հարատեւության հիմքերը: Ահա այստեղ է իմ լավատեսության աղբյուրը: Նաեւ այստեղ է մեր վաղվա հաջողությունների ակունքը: Ավելի լավ երկիր կառուցելու հավատը եւ այն պաշտպանելու կարողությունը մեզ արդեն դարձրել են ավելի ուժեղ: Ամեն շաբաթ, ամեն ամիս մենք կատարելու ենք գուցե եւ փոքր, բայց վստահ քայլ դեպի ավելի լավ, ավելի արժանապատիվ եւ ավելի բարեկեցիկ ապագա: Մենք նոր տարի ենք մտնում մեր ուժերին վստահ: Գալիք 25 տարիները լինելու են վերելքի՝ ավելի ուժեղ եւ ավելի բարեկեցիկ Հայաստան կերտելու շրջան: Հենց այդ ոգով մենք ամեն օր առաջ ենք գնալու բոլորիս համար տեսանելի եւ շոշափելի փոփոխություններ իրականացնելու ճանապարհով: Նոր տարի ենք մտնում լուրջ եւ իրատեսական ծրագրերով: Հետեւողական եւ լայնածավալ փոփոխությունների դրական արդյունքները թե՛ տնտեսության, թե՛ այլ ոլորտներում մոտ ապագայում զգալու ենք բոլորս: Հավատում եմ, որ նոր կառավարությանը դա հաջողվելու է, եւ դա լինելու է բոլորիս հաջողությունը: Եկող տարին վճռորոշ է լինելու մի քանի առումներով: 2017 թվականի գարնանը կայանալու են Ազգային ժողովի ընտրությունները: Մեր հասարակությունը միասնաբար կարող է կազմակերպել այնպիսի քաղաքական գործընթաց, որին կվստահի նրա յուրաքանչյուր ներկայացուցիչ: Մեզ անհրաժեշտ են այնպիսի ընտրություններ, որպեսզի մեր պետության նավը խուսափի անցյալից հայտնի ստորջրյա խութերին բախվելուց: Սիրելի՛ հայրենակիցներ, Ամանորի տոնական սեղանների շուրջ բոլորս բաժակ ենք բարձրացնում հայոց բանակի համար, այն մարդկանց համար, ովքեր այս պահին ապահովում են մեր խաղաղությունը: Նաեւ ոգեկոչում ենք 2016 թվականին ու դրանից առաջ եւ հետո անմահացած զինվորների եւ սպաների հիշատակը: Մենք ուժ ենք մաղթում նրանց ընտանիքներին եւ հարազատներին: Նաեւ առաջարկում եմ բաժակ բարձրացնել մեր նոր սերնդի, մեր երեխաների համար: Նրանք անկախության սերունդն են, որն անառիկ է պահում մեր սահմանները: Նրանց շնորհիվ եռագույնը փողփողում է օլիմպիական խաղերում: Այս սերնդի ներկայացուցիչները համաշխարհային դպրոցական առարկայական օլիմպիադաներից վերադառնում են տասնյակ մեդալներով: Նրանց ստեղծագործական միտքը բացում է աշխարհի ամենաճանաչված մշակութային եւ գիտական օջախների դռները: Նրանց կրթության եւ աճի համար մենք ոչ մի միջոց չենք խնայելու: Իմ հաստատ համոզմամբ՝ հենց այս կերպ ենք ստեղծելու բազմապատիկ ավելի լավ Հայաստան, քան այժմ ունենք:Սիրելի՛ բարեկամներ, Նոր՝ 2017 թվականին մաղթում եմ ձեզ եւ ձեր ընտանիքներին երջանկություն, խաղաղություն եւ սեր: Շնորհավո՛ր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:

Նմանատիպ նյութեր