211652_close_icon
views-count39756 դիտում article-date 12:00 31-12-2016

Սարգիս Գասպարյան. վիրավոր ընկերոջը փրկելիս զոհված կամավորականը կդառնար 21 տարեկան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

1995թ. դեկտեմբերի 23-ին Արցախի Շուշի քաղաքում ծնվեց Սարգիս Արթուրի Գասպարյանը: Ընտանիքի միակ տղան էր, տան հույսն ու վաղվա օրվա ապավենը: Բարի, ընկերասեր և ուրախ տղա էր: Շուշիի Դանիել Ղազարյանի անվան միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Երևանի ֆինանսատնտեսագիտական քոլեջ, սակայն հեռու չէր նաև հայրենիքին ծառայության անցնելու, նրա համար նվիրական ժամանակը: 2014-ի հունվարի 1-ին, զորակոչվեց բանակ: Սկզբնական շրջանում շարքային Սարգիս Գասպարյանը որպես վարորդ ծառայեց Արցախի ՊԲ Ջրականի պաշտպանական շրջանում, այնուհետև ծառայությունը շարունակեց Արցախի հյուսիսային պաշտպանական շրջաններից մեկում գտնվող «Եղնիկներ» կոչվող տեղամասում, որպես դիրքապահ: Նա ծառայությունը բարեհաջող ավարտեց, զորացրվեց և տուն վերադարձավ 2016-ի փետրվարի 5-ին, սակայն փաստերն այսօր հուշում են, որ քաղաքացիական կյանք վերադարձած 20-ամյա Սարգիսի սիրտը դեռ լեռներում էր… Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան պատերազմի առաջին օրվանից՝ ապրիլի 2-ից, արդեն պահեստազորային Սարգիս Գասպարյանը կրկին առաջնագծում էր, այն էլ ամենաթեժ կետում՝ Թալիշում: Մի շարք այլ կամավորականների հետ միասին նրան հաջողվեց դիմակայել հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձերին, ինպես նաև հակառակորդի կողմից հեռվից հեռու իրականացվող ինտենսիվ հրետակոծությանն, արկակոծությանն ու կրակահերթերին, սակայն ապրիլ ամսվա վերջին վրա հասավ նաև նրա հերոսանալու ժամանակը: Ապրիլի 29-ի գիշերը՝ ժամը 10:00-ի մոտակայքում, Սարգիսն իր մարտական ընկերոջն էր հանձնել իրեն վստահված առաջապահ տեղամասն ու պիտի գնար մի փոքր հանգստանալու, երբ հակառակորդի ինտենսիվ կրակը վերսկսվեց: Տեսնելով, որ իր համաքաղաքացի ազատամարտիկ-կամավորական Վազգեն Հարությունյանը ծանր վիրավորվել է՝ իսկույն նետվեց նրան օգնության, որի պատճառով նա ևս ծանր վիրավորվեց: Ցավոք, Վազգեն Հարությունյանի վերքը ծանր էր և նրան փրկել չհաջողվեց, իսկ 20- ամյա Սարգսին անմիջապես տեղափոխեցին զինվորական հոսպիտալ, որտեղ սկսվեց նրա կյանքի համար պայքարող զինբժիշկների կռիվը: Նա անմիջապես ենթարկեց վիրահատության սակայն ավելին անելն անհնարին էր… Ծանր վիրահատությունից 2 օր հետո, ուշքի չգալով՝ զոհվեց նաև Սարգիս Գասպարյանը: 2016-ի, դեկտեմբերի 23–ին, նա կդառնար 21 տարեկան: Այդ առիթով Շուշիյում բնակվող Գասպարյանների ընտանիքին այցելեց նաև ՀՀ «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» կազմակերպության նախագահ Յուրի Միքայելյանի գլխավորած պատվիրակությունը: Նրանց հետ էր նաև ՂՊՎ «Մենք ձեզ հետ ենք» ծրագրի շրջանակներում Սարգիս Գասպարյանի ընտանիքի հետ ընկերացած Վազգեն Սարգսյանի անվան, ռազմական ինստիտուտի կուրսանտ ՝ Վարդան Մարտիրոսյանը: Գասպարյանների տանն էին նաև ՊԲ լեգենդար հրամանատար, ազատամարտիկ Արկադի Տեր–Կարապետյանը, Շուշի քաղաքի զորամասերից մեկի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Փայտյանը և այլ զինծառայողներ ու ազատամարտիկներ: Հայ Առաքելական եկեղեցու, Արցախի թեմի Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ՝ Տեր Անդրեաս Թավադյանի հանդիսապետությամբ, հերոսացած հայորդու գերեզմանի առջև հնչեց ընդհանրապան Պահպանիչ աղոթքը, որից հետո արժանապատիվ քահանան իր օրհնության խոսքը բերեց ներկաներին, իսկ Գասպարյանների գերդաստանին նվիրեց օրհնված խաչն ու Աստվածաշունչը: Այնուհետև ՂՊՎՄ նախագահ Յուրի Միքայելյանը Սարգիս Գասպարյանի ծնողներին փոխանցեց ՂՊՎ սահմանած և Սարգիս Գասպարյանին հետմահու շնորհված «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալը: Հավելենք, որ Սարգիս Արթուրի Գասպարյանը, հետմահու պարգևատրվել է նաև Հայաստանի Հանրապետության «Մարտական ծառայություն» և ԼՂՀ «Արիություն» մեդալներով: Լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր