211652_close_icon
views-count6988 դիտում article-date 19:40 30-12-2016

Թո՛ղ Աստված պահի ու պահպանի Արցախը, Մայր Հայրենիքը և համայն հայությանը. ԼՂՀ ԱԺ նախագահի ամանորյա շնորհավորանքը

ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՇՈՏ ՂՈՒԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ՝ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ Թանկագի՛ն հայրենակիցներ, Տարեմուտի նախաշեմին, ինչպես մեզանից յուրաքանչյուրն անհատապես, այնպես էլ խորհրդարանը՝ որպես ժողովրդի ներկայացուցչական մարմին, ամփոփում է անցնող տարվա ձեռքբերումները, վերարժևորում ունեցածն ու նախանշում ապագայի անելիքները: Անցնող 2016-ը բարդ ու մարտահրավերներով լի էր ոչ միայն Արցախի, այլև ողջ հայության համար: Ապրիլին հակառակորդի կողմից հրահրված պատերազմն այն փորձությունն էր, որին արժանապատվորեն դիմակայելով, մենք ապացուցեցինք հայի միասնականության անպարտելիությունն ու աշխարհում մեր լինելիության արդարացի իրավունքը: Անշուշտ, այս փորձությունը հաղթահարեցինք հայոց փառավոր բանակի և նրա քաջարի զինվորների շնորհիվ: Ցավոք, ունեցանք անդառնալի կորուստեր, ովքեր համալրեցին հերոս հայորդիների շարքերը: Անցնող տարում հանդիսավոր նշելով Արցախի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձը՝ ի լուր աշխարհի վերստին փաստեցինք, որ ամուր ենք կանգնած ազատ ու անկախ հայրենիք ունենալու և այն շենացնելու անբեկանելի ճանապարհին: Այս ուղղությամբ կատարեցինք ևս մեկ խորհրդանշական քայլ՝ նախաձեռնելով հանրապետության հետագա զարգացման համար առանցքային նշանակություն ունեցող սահմանադրական փոփոխությունների գործընթացը: Բոլորովին վերջերս մենք նշեցինք նաև առաջին խորհրդարանական ընտրությունների քառորդդարյա հոբելյանը՝ հանրագումարի բերելով պառլամենտարիզմի զարգացման մակարդակը: Օրինաստեղծ աշխատանքի հետ միասին խորհրդարանը քայլեր է ձեռնարկում արտասահմանյան գործընկերների հետ համագործակցության ամրապնդման ուղղությամբ՝ խարսխելով այն Արցախի միջազգային ճանաչման առաջնահերթությամբ: Սիրելի՛ հայրենակիցներ, Թևակոխելով նոր 2017 թվական՝ վստահ եմ, որ գալիք տարին ևս Արցախի նորանկախ պատմության մեջ արժևորվելու է նոր հաղթանակներով ու ձեռքբերումներով: Ուստի մաղթում եմ բոլորիս ամուր առողջություն, անսահման եռանդ ու անխաթար հավատ՝ ազատության մեր ապագա ճանապարհին: Թո՛ղ Աստված պահի ու պահպանի Արցախը, Մայր Հայրենիքը և համայն հայությանը: Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Նմանատիպ նյութեր