211652_close_icon
views-count3264 դիտում article-date 20:04 30-12-2016

Յուրաքանչյուր սկսվող տարին նետված մարտահրավեր է. ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի շնորհավորանքը Նոր տարվա և Սուրբ Ծննդյան առթիվ

Մեր շատ սիրելի հայրենյաց պաշտպան, Նոր տարվա շեմին յուրաքանչյուր մարդ անդրադարձի պահ է ունենում Աստծո նախախնամությամբ իր արձանագրած ձեռքբերումներին ու ցավալի բացթողումներին՝ եկող տարում հաջողությունները զարգացնելու և թերացումները կանխելու մտադրությամբ: Աստվածաշունչն ասում է, որ Տերն իր հավատարիմ ու սիրելի զավակների համար միշտ էլ բարին է նախատեսում և առատորեն շնորհում, եթե միայն իրեն ենք ապավինում, իր կամքին համընթաց քայլում և բոլոր բարիքների առատաբուխ աղբյուր միայն իրեն ընդունում: Յուրաքանչյուր սկսվող տարին նետված մարտահրավեր է՝ մեր միջից արմատախիլ անելու մեղսալի հակումները և դրանց փոխարեն սերմանելու աստվածահաճո և առաքինություններով լի կյանք: Քրիստոնյան քաջ ու կորովի այն անձն է, ով միայն Աստծուց երկյուղ ունի և չի վախենում ոչ մեկից ու ոչնչից, նույնիսկ՝ մահվանից: Եթե քաջությամբ ընդունում ենք նշված մարտահրավերն ու հաջողությամբ հաղթահարում այն, արդյունքը չի ուշանում, մանավանդ որ քրիստոնյաներս հստակ գիտակցում ենք, որ այդ ընթացքում և առհասարակ մեր կյանքի ճանապարհին մենակ կամ լքված չենք, այլ ամեն վայրկյան վայելում ենք Աստծո զորակցությունն ու առաջնորդությունը: Պատահական չէ, որ տարին սկսվում է մեր Տիրոջ և Փրկչի Ծննդյան լուսավոր ավետիսով: Այն նպատակ ունի մեզ էլ նորոգել մեր կյանքում Աստծո ներկայության վստահությամբ և կրկնել տալ հրեշտակաբարբառ օրհնաբանությունը. «Փա՜ռք Աստծուն բարձունքներում, և երկրի վրա խաղաղությո՜ւն և հաճությո՜ւն՝ մարդկանց մեջ» (Ղուկ. Ա 14): Տարվա հենց սկզբից Աստված օրհնում է մեզ իր ներկայության շնորհներով ու բարիքներով և հրավիրում համերաշխության՝ երկրի վրա խաղաղությունն առատացնելու և աստվածսիրությամբ ճանապարհ հարթելու հորդորով: Ուրեմն նոր տարի ոտք դնենք վստահությամբ, քաջությամբ ու ամուր հավատով, լուսավորված Բեթղեհեմից ճառագող սուրբ ծննդյան լույսով և հարատև աղոթքով հայցենք նորոգություն մեր կյանքին և հայրենիքը պաշտպանելու նվիրական առաքելությանը: Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ Մեզ և Ձեզ մեծ Ավետիս Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ [b]ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան[/b]

Նմանատիպ նյութեր