211652_close_icon
views-count2445 դիտում article-date 15:50 30-12-2016

Երևանի քաղաքապետարանն ամփոփել է 2016 թվականի գործունեությունը

Երևանի քաղաքապետարանը «Մենք հաշվետու ենք մեր համաքաղաքացիներին» կարգախոսով ամփոփել է անցնող տարում մայրաքաղաքում իրականացված ծրագրերն ու աշխատանքները, ձեռնարկված բարեփոխումները և ձեռքբերումները: 2016թ. քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացված ծրագրերն ուղղված են եղել մայրաքաղաքի կայուն զարգացման ապահովմանը, ինչպես նաև քաղաքացիների կյանքի որակի նոր չափանիշների ձևավորմանը՝ քաղաքի համաչափ զարգացման սկզբունքի պահպանմամբ: 2016թ. հագեցած է եղել մայրաքաղաքի ենթակառուցվածքների զարգացման, քաղաքային տնտեսության տարբեր ճյուղերում կառավարման նոր համակարգերի և մոտեցումների ներդրման, ինչպես նաև Երևանում բնակության, գործունեության և հանգստի համար նպաստավոր պայմանների ստեղծման ու ապահովման տեսանկյունից: Քաղաքաշինության, շինարարության և բարեկարգման, քաղաքային միջավայրի, մշակույթի և սպորտի, առողջապահության, սոցիալական ապահովության, արտաքին կապերի և զբոսաշրջության ոլորտներում իրագործված բոլոր ծրագրերի ու կատարված աշխատանքների հիմքում եղել է Երևանի բնակիչների համար հարմարավետ ու մատչելի կենսապայմանների ապահովումն ու մայրաքաղաքի հյուրերի համար Երևանի գրավչության բարձրացումը: Քաղաքաշինության՝ մասնավորպես ճանապարհաշինության ոլորտում իրականացված լայնածավալ ծրագրերով հիմք է դրվել մայրաքաղաքի կենտրոնի բեռնաթափման խնդրի երկարաժամկետ լուծումներին: Այս տարի շահագործման է հանձնվել Երևանի 23 կմ երկարությամբ կառուցվող շրջանցիկ ճանապարհի Շիրակի փողոց-Արշակունյաց պողոտա հատվածը: Շրջանցիկ նոր ճանապարհն իրար կկապի մայրաքաղաքի հյուսիսային և հարավային մուտքերը, կանցնի վարչական 4 շրջաններով և կբեռնաթափի կենտրոնը: Շահագործման հանձնված ճանապարհահատվածում կառուցված վերգետնյա անցումը վերելակով համալրված առաջին անցումն է Երևանում, որը կապահովի բնակչության բոլոր խմբերի ազատ և անվտանգ տեղաշարժը: Մայրաքաղաքում հարմարավետ կենսագործունեության պայմաններ ապահովելու նպատակով վերանորոգվել, բարեկարգվել և լուսավորվել են տասնյակ փողոցներ, մայթեր, բակեր, այգիներ, ինչպես նաև վերանորոգման խոշորածավալ աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում: Բարեկարգ բակերի թիվը Երևանում 2016թ. ավելացել է 340-ով, մայրաքաղաքում ավելացել են նաև հանգստյան գոտիներն ու կանաչ տարածքները, իրականացվել են քաղաքային կահավորման և ձևավորման աշխատանքներ: Անցնող տարում շարունակվել են մատչելիության և հարմարավետության ապահովմանն ուղղված ծրագրերը, որոնք հատկապես կարևոր են տեղաշարժման, տեսողության և լսողության խնդիրներ ունեցող բնակիչների և հյուրերի հարմարավետությունը քաղաքում ապահովելու համար: Երևանում ավելացել է թեքահարթակների, հարմարեցված ավտոբուսների, հետիոտնային անցումների թիվը: 2016թ. նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել հասարակական տրանսպորտի համակարգային բարեփոխումների ուղղությամբ: Կոմունալ տնտեսության ոլորտում իրականացված համալիր բարեփոխումների արդյունքում Երևանի ողջ տարածքում աղբահանությունն ու սանիտարական մաքրումն իրականացվում է միջազգային օպերատորի կողմից, այս տարի գործնական փուլ է մտել նաև նոր աղբավայրի կառուցման ծրագիրը: Ջրամատակարարման ոլորտում իրականացված աշխատանքներն ապահովում են հուսալի և անվտանգ ջրամատակարարում մայրաքաղաքում՝ շուրջօրյա ջրամատակարարումը հասցնելով 83%-ի: Կրթության ոլորտում քաղաքային իշխանությունների ծրագրերն ուղղված են եղել նախադպրոցական, դպրոցական և արտադպրոցական կրթական կազմակերպություններում կրթական ծրագրերի իրականացմանը նպաստող պայմանների ապահովմանն ու բարելավմանը: 2016թ. Երևանի քաղաքային առօրյան լի էր մշակութային և մարզական իրադարձություններով, որոնք նախատեսված էին տարբեր նախասիրությունների և հետաքրքրությունների խմբերի մարդկանց համար: Առողջապահության ոլորտում շարունակվել են առողջապահական կազմակերպությունների բժշկական սարքավորումների համալրման, շենքային պայմանների բարելավման ծրագրերը: Ամբողջությամբ լուծվել է պոլիկլինիկաների ջեռուցման խնդիրը: Սոցիալական ոլորտում իրականացվել են հասցեական սոցիալական աջակցության ծրագրեր՝ հոգածության և ուշադրության կենտրոնում պահելով մայրաքաղաքի կարիքավոր ընտանիքներին և խոցելի սոցիալական խմբերին: Սոցիալական ծրագրերի առաջնային ուղղություններ են դիտարկվել զինծառայողների և ազատամարտիկների ընտանիքներին աջակցությունը, կարիքավոր սիրիահայերին օժանդակությունը: 2016թ. մի շարք ծրագրեր ուղղված են եղել Երևանի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը: Ավարտին է հասցվել «Վերնիսաժի» վերակառուցման և արդիականացման ծրագիրը: 2016թ. Երևանը շարունակել է ակտիվ համագործակցությունը տարբեր քաղաքների և շրջանների, ինչպես նաև միջազգային կառույցների և կազմակերպությունների հետ: Երևանի ավագանին ապահովել է իր լիազորությունների շրջանակներում բոլոր հիմնախնդիրների համակողմանի քննարկումը և որոշումների ընդունումը: Երևանում գրանցվող զարգացումների արդյունքում Հայաստանի մայրաքաղաքը հայտնվել է աշխարհի տարբեր վարկանիշային աղյուսակներում՝ գրավելով միջազգային հանրության, զբոսաշրջիկների և ներդրողների ուշադրությունը: 2016 թվականին մայրաքաղաքում ձեռնարկված ծրագրերին, բարեփոխումներին և ձեռքբերումներին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ Երևանի քաղաքապետարանի 2016 թվականի ամփոփ տեղեկագրի միջոցով, որը տեղադրված է քաղաքապետարանի պաշտոնական կայքի հաշվետվություն բաժնում /www.yerevan.am/: Երևանի քաղաքապետարան

Նմանատիպ նյութեր