211652_close_icon
views-count3672 դիտում article-date 13:52 30-12-2016

Աթենքի փողոցում, Բրազիլիայի հրապարակում և Ծիծեռնակաբերդի խճուղում ավարտվել են լուսադիոդային լուսատուների տեղադրման աշխատանքները

Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի շրջանակում ավարտվել են Աթենքի փողոցի, Բրազիլիայի հրապարակի, Ծիծեռնակաբերդի խճուղու և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհի լուսավորության համակարգի էներգաարդյունավետ վերազինման և լուսադիոդային ժամանակակից լուսատուների տեղադրման աշխատանքները: Մինչ այդ, նույն ծրագրի շրջանակում լուսադիոդային լուսատուներ էին տեղադրվել մայրաքաղաքի կենտրոնն օդանավակայանին կապող Իսակովի պողոտայի, «Հաղթանակի» կամրջի, Մաշտոցի պողոտայի արտաքին լուսավորության համակարգերում: Արդյունքում արտաքին լուսավորության ցանցի արդիականացման շնորհիվ այդ հատվածներում էլեկտրաէներգիայի սպառումը կրճատվել է ավելի քան 70%-ով: Էներգախնայող այս լուսատուներն ապահովում են ճանապարհային մակերեսի ժամանակակից պահանջներին համապատասխան լուսավորություն, նպաստում ջերմոցային գազերի արտանետման նվազեցմանը: Աշխատանքների ֆինանսավորումն իրականացվել է նպատակային վերականգնվող ֆոնդի միջոցների հաշվին, որը համալրվում է ծրագրի շրջանակում իրականացված ցուցադրական նախագծերի արդյունքում գոյացող ֆինանսական խնայողություններից։ Ֆոնդում կուտակված ֆինանսական խնայողությունների հաշվին նախատեսվում է 2017 թվականին շարունակել Երևանի լուսավորության համակարգի արդիականացումը:

Նմանատիպ նյութեր