211652_close_icon
views-count13867 դիտում article-date 13:09 29-12-2016

Ակնկալում ենք պարզեցված համակարգ, գումարների արդյունավետ օգտագործում. Կարեն Կարապետյան

Պետք է ստեղծենք համակարգեր, որպեսզի բացառվի կոռուպցիան, անհրաժեշտ է բարձրացնել ծրագրերի հասցեականությունը և արդյունավետությանը: Այս մասին այսօր Կառավարության նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը և մի շարք հանձնարարականներ տվեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին: «Հայտնի է, որ պետությունը պետք է ձեռք մեկնի կարիքավորին, սակայն չպետք է ստեղծի չաշխատելու խթաններ: Սոցիալական պետական ծրագրերը պետք է այնպես մշակվեն, որ երբեք չլինեն չարաշահումներ, կոռուպցիոն դրսևորումներ, առաջին հերթին հասնի կարիքավորին, չաղավաղի սոցիալական արդարությունը»,- ասաց վարչապետը: Կարեն Կարապետյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ներկայացնել զբաղվածության պետական ծառայողների ֆինանսավորման ուղղությունների վերաբերյալ առաջարկներ: ՀՀ մարզպետներին և քաղաքապետերին Կարեն Կարապետյանը հանձնարարեց անձնական հսկողության տակ վերցնել սոցիալական աջակցության տարածքային գործակալության կողմից ընտանեկան, սոցիալական նպաստների և օգնության օրինականության ապահովման հարցը: Վարչապետը նշեց, որ բժշկասոցիալական փորձաքննական համակարգում իրականացվող փոփոխությունները դեռևս հեռու են ցանկալի արդյունքից: Եվ Արտեմ Ասատրյանին հանձնարարեց տասնօրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ՝ ոլորտում արմատական փոփոխություններ կատարելու վերաբերյալ: «Կարծում եմ, հստակ ձևակերպել ենք այն միջոցառումները, որոնցով մենք ակնկալում ենք պարզեցված համակարգ, գումարների արդյունավետ օգտագործում: Բացի այդ, սոցապ նախարարությունը չպետք է զբաղվի այն բաներով, որոնքն իրենք կատարում են շատ ավելի վատ, քան ուրիշները: Աշխատանքի զբաղվածության հարցով իրենք կատարում են բիզնես, գյուղատնտեսական և ուսուցման խնդիրներ: Այս բոլոր գործառությունները պետք է արվեն համապատասխան դաշտը նշելով, թե ում համար են անում, որպեսզի խնդիրը լուծեն համապատասխան կառույցները»,- ասաց վարչապետը:

Նմանատիպ նյութեր