211652_close_icon
views-count2925 դիտում article-date 18:02 28-12-2016

Սոցիալական փաթեթների շրջանակներում շահառուների հանգիստը կազմակերպելու խոստումով գումարներ են հափշտակվել

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում բացահայտվել են սոցիալական փաթեթների շրջանակներում կատարվող գործարքներում տարբեր անձանցից խաբեությամբ գումար հափշտակելու դեպքեր: Նախնական քննությամբ պարզվել է, որ առերևույթ հանցագործություն կատարած անձը, Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի միջնակարգ դպրոցում ներկայանալով որպես «Ռուբենյանց տուն» ՍՊԸ-ի աշխատակից, սոցիալական փաթեթների մի շարք շահառուների խոստացել է նրանց հանգիստը կազմակերպել Հայաստանում և Վրաստանում։ Կնքվել են զբոսաշրջային ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագրեր, իսկ գումարի մի մասն էլ վերցվել է կանխիկ։ Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ չնայած կնքված պայմանագրերին՝ մի շարք քաղաքացիների հանգիստը չի կազմակերպվել և ոչ էլ գումարն է վերադարձվել։ Դեպքերի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով: Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքությունը, ով հանդիսանում է Հ.Նիկոյանը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքերը բացահայտելու, տուժողների իրական շրջանակը պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր