211652_close_icon
views-count52050 դիտում article-date 23:44 12-12-2016

Աղասի Ասատրյան. դիպուկահար, ով կռվեց մինչև վերջին փամփուշտն ու մինչև արյան վերջին կաթիլը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

1996 թվականին Արարատի մարզի Մասիս քաղաքում ծնված Աղասի Սարմենի Ասատրյանը ընտանիքի միակ տղան էր: Նա զբաղվում էր քիք-բոքսինգ մարտարվեստով, ցույց էր տալիս լավ ցուցանիշներ, գրանցում հաջողություններ՝ արժանանում մեդալների և պատվոգրերի, միաժամանակ սովորում հայրենի Մասիս քաղաքի պետական գյուղատնտեսական քոլեջում: 2014թ.-ին եկավ Աղասի զինծայառության մեկնելու ժամն ու նա, կիսատ թողնելով սեփական ձեռքերով հիմնած տան շինարարությունը՝ մեծ ոգևորությամբ և առանց տրտնջալու ստանձնեց հայրենի հողի սահմանները հսկելու իր պարտականությունը: Զինծառայության անցնելով Արցախ աշխարհի Մատաղիսի պաշտպանական շրջանի զորամասերից մեկում, նախ յուրացրեց մարտական դիրքի հետախույզ-դիպուկահարի ռազմական մասնագիտությունը, այնուհետև տեղափոխվեց Թալիշի պաշտպանական շրջան, որտեղ շարունակեց հմտանալ ռազմարվեստի իր ճյուղի մեջ՝ նորմատիվների հանձնման և մրցույթների ընթացքում աչքի էր ընկնում բարձր ցուցանիշներով: 2016-ի մարտին մարտական պատրաստության, ռազմահայրենասիրական դաստիարակության, զինվորական կարգապահության ամրապնդման, ֆիզիկական պատրաստության ուղղությամբ բարձր ցուցանիշների շնորհիվ Ա. Ասատրյանն արժանացէլ էր ՀՀ զինված ուժերի «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշանին և ապրիլի սկզբին պետք է արժանանար խրախուսական արձակուրդի, սակայն մոտեցել էր ռազմարվեստի մասին գերազանց գիտելիքները գործի դնելու և հերոսանալու ժամանակը: 2016թ-ի ապրիլի 1-ը Ա. Ասատրյանն ու իր ընկերները դիմավորեցին Արցախա-ադրբեջակնական սահմանին գտնվող իրենց դիրքում, իսկ ապրիլի 2-ին, դիմակայեցին հակառակորդի անսպասելի և խոշորածավալ հարձակմանը: Դիպուկահար Ա. Ասատրյանը, այդ անհավասար մարտում կռվեց արիաբար՝ մինչև վերջին փամփուշտն ու մինչև արյան վերջին կաթիլը: Իր թաքստոցից կրակելով՝ ոչնչացրեց թշնամու բազմաթիվ գրոհայինների և զոհվեց թշնամու արձակած հրազենային վնասվածքներից՝ արնաքամ լինելով, սակայն մինչև վերջին վայրկյանը մարտական դիրքը չթողնելով: Միայն նրա դիակի վրայով հայկական դիրքը գրաված, գազազած հակառակորդին ոչինչ չէր մնում անել, քան զոհված Աղասիի և նրա ընկերների դիակները խոշտանգելը: Հաջորդ օրվա՝ ապրիլի 3-ի առավոտը բարի չէր ադրբեջանաան կողմի դիվերանտների համար և հայկական կողմից օգնության հասած քաջորդիները հեշտությամբ հետ շպրտեցին նրանց և հետ վերցրեցին մեր կողմի կորցրած դիրքը, սակայն անհավասար մարտում արիաբար զոհված մեր քաջ հայորդիներին՝ էլ հետ չես բերի.. Աղասին հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով: «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն»  ՀԿ խոխնախագահ, Ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը և ՀՀ ՊՆ Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի կուրսանտ Գևորգ Վարդանյանը, ՂՊՎ «Մենք ձեզ հետ ենք» ծրագրի շրջանակներում դարձել են Ա. Ասատրյանի հայրական տան ընկերներն ու փորձում են իրենց ուժերի ներածի չափով աջակցել Ասատրյանների ընտանիքին ու սփոփել նրանց վիշտը: Նրանց հաճախ են այցելում նաև Մասիսի տարածաշրջանի ազատամարտիկները: Հիշեցնենք, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զինծառայողների սպանության և նրանց մարմինների խոշտանգումների կապակցությամբ հարուցվել են մի շարք քրեական գործեր, որոնցից մեկն էլ հենց Ա. Ասատրյանի դիակի խոշտանգման կապակցությամբ է, իսկ ԼՂՀ օմբուդսմենը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ բողոքելով ադրբեջանական կողմի խոշտանգումների և վայրագությունների դեմ: Լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր