211652_close_icon
views-count4936 դիտում article-date 22:00 07-12-2016

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ: Վարչապետի այցը մեկնարկել է մարզի Ախուրյան համայնքից, որտեղ ավարտին են հասցվում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարանային ապահովման նպատակով 104 բնակարանի կառուցման աշխատանքները: Կարեն Կարապետյանը ծանոթացել է բնակարանային պայմաններին, զրուցել շահառուների հետ, շնորհավորել և նշել, որ մինչև տարեվերջ նրանք կտոնեն իրենց բնակարանամուտը: Բնակարաններից մեկի շահառուն ապրիլյան պատերազմում զոհված Աշոտ Շախբազյանի ընտանիքն է, որն ուներ անօթևանի կարգավիճակ, և այժմ մինչև տարեվերջ ընտանիքը կունենա երեք սենյականոց բնակարան: Ախուրյան համայնքում 3 անավարտ շենքի կառուցման համար հատկացվել է գրեթե 800 մլն ՀՀ դրամ: Բացի այդ, մարզպետարանին հատկացված 826 մլն ՀՀ դրամ գումարի հաշվին իրականացված բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում Գյումրիում և Ախուրյանում ծրագրի շահառու համարվող 137 ընտանիքի (ք.Գյումրի-101, գ.Ախուրյան-36) տրամադրվել են բնակարանի գնման վկայագրեր (ԲԳՎ), որոնք սահմանված ժամկետում ձեռք են բերել բնակարաններ: *** Ախուրյանից ուղևորվելով մարզկենտրոն Գյումրի՝ վարչապետն առավոտյան ժամը 11:41-ին ծաղիկներ է դրել Գյումրու «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցում տեղադրված 1988 թ. երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին և մասնակցել մատուցվող պատարագին: *** Կարեն Կարապետյանը նաև այցելել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոն, ծանոթացել գործունեությանը և ծրագրերին: Վարչապետը նախ մասնակցել է «Այբ» դպրոցի և «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված «Ծրագրավորման ժամ» (Hour of Code) միջոցառմանը, ապա հանդիպել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողներին՝ քննարկելու ՏՏ ոլորտի զարգացմանը և այդ գործում կառավարության անելիքներին առնչվող հարցեր: Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ պարբերական հանդիպումներ է ունենում ոլորտի ներկայացուցիչների, գործարարների հետ, և այժմ կառավարությունն սպասում է նրանցից գլոբալ առաջարկի՝ ՏՏ բնագավառի որակական փոփոխությունների և պետական աջակցության վերաբերյալ: «Մենք շատ շահագրգռված ենք, որպեսզի այս ոլորտն աճի, որովհետև ՀՆԱ-ում մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը, այս ոլորտի միջին աշխատավարձը, ընդհանրապես մտածելակերպը, աշխարհահայացքը բավական առաջադեմ է և վարակիչ ու կարող է տարածվել բոլոր ոլորտների վրա», - ասել է վարչապետը՝ առաջարկելով ուսանողներին նույնպես ակտիվ լինել և առաջարկություններ ներկայացնել:

Նմանատիպ նյութեր