211652_close_icon
views-count1948 դիտում article-date 22:36 07-12-2016

Հայաստանում ձևավորվել է կենսունակ քաղաքացիական հասարակություն. Էդվարդ Նալբանդյանի ելույթը Բաց կառավարման գործընկերության գագաթաժողովին

[b]ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը Բաց կառավարման գործընկերության գագաթաժողովին.[/b] Ձերդ գերազանցություններ, տիկնայք և պարոնայք, Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի կառավարությանն այս գագաթաժողովը հյուրընկալելու և Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) օրակարգն առաջ մղելու ուղղությամբ գործադրած ջանքերի համար։ Շնորհակալություն եմ հայտնում նաև քաղաքացիական հասարակության համանախագահին՝ Համաշխարհային ռեսուրսների ինստիտուտին: Գագաթաժողովն առիթ է ընձեռում ընդլայնելու Բաց կառավարման գործընկերության նախաձեռնության շրջանակներում մեր ներգրավվածությունը՝ խթան հանդիսանալով հասարակությունների համընդգրկուն և կայուն զարգացման հիմքում ընկած հիմնարար արժեքների տարածման համար: Հայաստանը 2011-2016 թվականներն ընկած ժամանակահատվածում, Բաց կառավարման գործընկերության երկու գործողությունների ծրագրերի համաձայն, շոշափելի բարեփոխումներ է իրականացրել այնպիսի կարևորագույն ոլորտներում, ինպիսիք են իրավաստեղծ գործունեությունը, պետական գնումների բնագավառի բարեփոխումները, տեղեկատվության ազատությունը և մատչելիությունը, առողջապահությունը, կրթությունը, տեղական ինքնակառավարումը և հանքարդյունաբերությունը։ Շուրջ 20-ից ավել հանձնառությունների կատարման միջոցով թիրախավորված գործողություններ են ձեռնարկվել Բաց կառավարման գործընկերության հիմնական մարտահրավերների իրագործման ուղղությամբ՝ բարելավելով հանրային ծառայությունների մատուցումը, ապահովելով հանրային միջոցների արդյունավետ կառավարումը, հանրային վստահության խթանումը և այլն։ ԲԿԳ երրորդ գործողության ծրագրի (2016-2018թթ․) մշակման գործընթացում կիրառվել են այնպիսի առաջատար գործիքներ, ինչպիսիք են հանրային քննարկումները և համատեղ ծրագրավորումը: Պետական պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, փորձագետների ու մասնավոր հատվածի գործընկերների հետ միասին քննարկվել և մշակվել են առաջարկված գործողությունների ծրագրի հանձնառությունները: Գագաթաժողովի հռչակած առաջնահերթությունների գերակշիռ մասը, ներառյալ՝ թափանցիկությունը և կոռուպցիայի դեմ պայքարը, կայուն զարգացումն ու կլիմայի փոփոխությունն ընդգրկված են մեր նոր գործողությունների ծրագրում: Հայաստանը, միանալով այլ պետությունների, ստորագրեց Փարիզի՝ կլիմայի փոփոխության համաձայնագիրը։ ՀՀ կառավարությունը ներկայացրեց Հազարամյակի զարգացման նպատակների ազգային առաջընթացի վերջնական զեկույցը։ Մշակվել է Կայուն զարգացման 2030 օրակարգի ազգային ճանապարհային քարտեզը։ Այս բոլոր գործընթացներն ընթացել են ընդգրկվածություն ապահովելու սկզբունքով՝ տարբեր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ հանրային քննարկումների միջոցով։ Տիկնայք և պարոնայք, Հայաստանը շարունակում է ժողովրդավարական կառույցների ամրապնդման, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության և խթանման մեխանիզմների ուժեղացմանն ուղղված ջանքերը և այս առումով սերտորեն համագործակցում է միջազգային կազմակերպությունների և համապատասխան նախաձեռնությունների շրջանակներում: Անցյալ դեկտեմբերին մեր երկրում համապետական հանրաքվեի միջոցով հավանության արժանացան սահմանադրական բարեփոխումները, որոնց նպատակը նոր և կատարելագործված կառավարման համակարգի ստեղծումն է՝ առավել բարձր թափանցիկությամբ և հաշվետվողականությամբ: Դրան հաջորդեց ընտրական նոր օրենսգրքի ընդունումն՝ արտացոլելու համար Սահմանադրության պահանջներից բխող իրավական փոփոխությունները։ Հատկանշական է, որ թե սահմանադրական բարեփոխումները, և թե ընտրական նոր օրենսգիրքն արժանացել են միջազգային գործընկեր կառույցների դրական արձագանքին: Ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահությունն առավել ամրապնդելու նպատակով կառավարությունն ընդունել է ընդդիմության առաջարկը և օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումներ կազմակերպել՝ խորհրդարանական բոլոր քաղաքական խմբակցությունների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: Հայաստանում ձևավորվել է կենսունակ քաղաքացիական հասարակություն, որը մեր ամրապնդվող ժողովրդավարության ցուցանիշն է և հանրային կյանքի անբաժանելի մաս՝ արդյունավետ կառավարման գործում իր մեծացող մասնակցությամբ: Գագաթաժողովին մեր ՀԿ-ների մասնակցությունը, ներառյալ՝ ԲԿԳ ազգային աշխատանքային խմբի կազմում, դրա վառ ապացույցն է։ Հատկանշական է, որ Բաց կառավարման գործընկերության նախորդ գլոբալ գագաթաժողովի ժամանակ Հայաստանն արժանացավ բարձր պարգևի և ճանաչվեց մեր տարածաշրջանի առաջատարը` տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության բարձրացման և հանրային ծառայությունները բաց կառավարման սկզբունքների համաձայն բարելավելու համար: ՀՀ կառավարությունը մեր քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից մրցանակի է արժանացել` տեղեկատվության ազատության սկզբունքների առաջ մղման և Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը միանալու համար: Տիկնայք և պարոնայք, Մենք քաջ գիտակցում ենք, որ դեռևս կան մարտահրավերներ: Մեր գործողությունների ծրագիրն ուղղված է նոր գործիքակազմի բացահայտմանը, որը թույլ կտա ամրապնդել ուղիղ կապը հասարակության հետ, Բաց կառավարման գործընկերության սկզբունքները ներդնել կառավարման բոլոր հարթակներում և քաղաքական որոշումներ կայացնելիս կիրառել մարդակենտրոն մոտեցումներ: Հենց այս տեսլականով էլ պատրաստ ենք ձեռք ձեռքի տված աշխատել մեր բոլոր գործընկերների հետ` հասնելու Բաց կառավարման գործընկերության նպատակներին։ Շնորհակալություն:

Նմանատիպ նյութեր