211652_close_icon
views-count2007 դիտում article-date 11:26 07-12-2016

ԼՂՀ վարչապետը Վաշինգտոնում հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի և Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավարներին

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 5-ին, ԱՄՆ իր աշխատանքային այցի շրջանակներում, Վաշինգտոնում հանդիպել է հայկական երկու կազմակերպությունների ղեկավարությանը և մասնակցել ՀՀ դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը: Հանդիպելով Ամերիկայի հայկական համագումարի և Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավարներին՝ վարչապետը նրանց հետ քննարկել է համահայկական նշանակության և Արցախին վերաբերող հարցերում համագործակցության խորացման հեռանկարները: Ա. Հարությունյանը կարևորել է երկու կազմակերպությունների դերակատարումը Արցախի վերաբերյալ ԱՄՆ պետական մարմինների որոշումների կայացման և իրազեկվածության բարձրացման գործում: Կողմերը շեշտադրել են ԱՄՆ-ում հայկական շահերը ներկայացնելու և Արցախին համակողմանի աջակցություն ցուցաբերելու հարցում համակարգված աշխատանքների կազմակերպման անհրաժեշտությունը: Վարչապետն այնուհետև մասնակցել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը, որին մասնակցում էին նաև հոգևոր դասի, հայկական համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև օտարերկրյա հյուրեր: ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը ողջունել է Արայիկ Հարությունյանին՝ կարևորելով նրա այցը Սփյուռքում և ԱՄՆ պետական շրջանակներում Արցախի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման գործում: Վարչապետն իր ելույթում համառոտակի ներկայացրել է ԼՂՀ պետականաշինության, տնտեսության զարգացման և անվտանգության ապահովման գործընթացները: Նա ընդգծել է Արցախի զարգացման և միջազգային ներկայացվածության գործում Սփյուռքի բացառիկ մասնակցության նշանակությունը՝ միջոցառման մասնակիցներին հորդորելով հնարավորինս աջակից լինել հայրենիքի խնդիրների լուծմանը: Ա. Հարությունյանը նաև պատասխանել է ներկաներին հուզող մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին Արցախի տնտեսությանը, արտաքին քաղաքականությանը, պաշտպանության համակարգին, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին և այլ ոլորտների: ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր