211652_close_icon
views-count1866 դիտում article-date 15:50 05-12-2016

ՀՀ ԿԳ նախարարի տեղակալն ընդունել է ուսանողական միջազգային ֆորումի մասնակիցներին

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը հանդիպել է ԵՊՀ ուսանողական խորհրդի կողմից կազմակերպված «Ուսանողական կառույցների ազդեցությունը և դերը բարձրագույն կրթական համակարգում» խորագրով ուսանողական միջազգային ֆորումի մասնակիցներին: Ֆորումն անցկացվում է երրորդ անգամ, մասնակցում են Գերմանիայի, Իտալիայի, Հունաստանի, Իսպանիայի, Լիտվայի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Չինաստանի և Վրաստանի ուսանողական կառույցների ղեկավարները: Ողջունելով մասնակից ուսանողներին՝ ԿԳ նախարարի տեղակալը նշել է, որ ուրախ է ողջունել տարբեր երկրներից ժամանած երիտասարդներին, ովքեր մոտիվացված են կրթության որակի բարելավման և կառավարման արդյունավետության բարձրացման հարցում: Կարևորելով ուսանողների դերակատարության բարձրացումը բուհերի կառավարման գործընթացում՝ Կ. Հարությունյանն ընդգծել է, որ ՀՀ օրենսդրությունը բուհերի կառավարման համակարգում ուսանողության մասնակցության ապահովման տեսանկյունից ազատական է. «Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում մեր երկրի օրենսդրությունն առաջադեմ է՝ օրինակ մենք իրավական պահանջ ենք ամրագրել, որ բուհերի կառավարման խորհուրդների կազմում առնվազն 25 տոկոսը պետք է ուսանողներ լինեն: Կառավարմանը մասնակցելու և կայացվող որոշումների վրա ազդեցություն ունենալու առումով սա բավականին լուրջ ցուցանիշ է: Բացի այդ մենք ունենք նաև ազգային ուսանողական կառույցներ, որոնք բավականին ակտիվ նախաձեռնություններով են հանդես գալիս»,- նշել է Կ. Հարությունյանը: Հանդիպման ընթացքում ուսանողները տարբեր հարցեր են ուղղել նախարարի տեղակալին, որոնք վերաբերել են ուսանողների շարժունությանը, բուհերի դասավանդման մեթոդաբանությանը, կրեդիտային համակարգի արդյունավետությանը, ՀՆԱ-ի մեջ կրթության ծավալի մասնաբաժնին և մի շարք այլ խնդիրների:

Նմանատիպ նյութեր