211652_close_icon
views-count43196 դիտում article-date 12:12 14-11-2016

Ժայռը տուն սարքած ազատամարտիկն առաջինը կհասնի օգնության. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ղոչիկյան Էդիկի տունը երևի թե միակն է Հայաստանում, որի բակն ու այգին գտնվում են 3-րդ հարկում, բակի մեջտեղում էլ բարձրահասակ ծառ՝ ծիրանենի է աճում: Էդիկն ազատամարտիկ հրամանատարներ Չիբուխչյան Վաչոյի, Գասպարյան Գագիկի հետ 1989 թվականից սկսած մասնակցել է ազատամարտին և մարտական առաջադրանքներ է իրականացրել` որպես հետախույզ: 1990 թվականին էլ Արցախյան ազատամարտին մասնակցելուն զուգընթաց Երևանի Աջափնյակ թաղամասում մի ժայռ հողակտոր է գնել, մեջտեղը ծիրանենի տնկել և իր սեփական ձեռքերով սկսել տան շինանարությունը: Այդ հսկայածավալ աշխատանքը կատարել է ինքնուրույն, որի պատճառով էլ աշխատանքների ավարտին գրեթե նոր է հասել: 26 տարի տևած շինարարությունը հաճախ ընդհատել է՝ այս կամ այն ընկերոջն օգնելու պատրվակով: Այսօր էլ իր տանը մի փոքրիկ արհեստանոց ունի, որը բացառապես ծառայեցնում է իր մարտական ընկերների և զոհված ազատամարտիկների ընտանիքների համար դուռ և լուսամուտ պատրաստելուն: Բակի մի անկյունում էլ Էդիկի քարե տան պես քարի կտորներից պատրաստված տնակում ապրում է Էդիկի շունը, որը նույնպես նրա հպարտություններից մեկն է, քանզի շան տատիկին էլ է կարելի Էդիկի մարտական ընկերների շարքը դասել: Պատմում է, որ պատերազմի ժամանակ այդ շան վրա շարում էին ականներ, իսկ նա գողեգող անցնելով թշնամու թիկունքը՝ թողնում էր ականներն այնտեղ և անվնաս վերադառնում հայկական կողմ: Քարից հաց քամող, քարից տուն սարքող Էդիկն ունի նաև բողոքներ: Ցավում է նրա համար, որ իր մարտական ընկերներին այսօր չեն հիշում, նրանք մատնված էն անտարբերության և մոռացության, հիշելուց էլ հիշում են միայն զոհվածներին: Ըստ նրա, ազատամարտիկներին արժանի տեղ չեն տալիս ոչ հասարակ մարդիկ, ոչ էլ մերօրյա չինովնիկները, ովքեր ազատամարտիկների արյուն-քրտինքի շնորհիվ կառուցված և պահպանված երկրով է, որ զբաղեցնում են աթոռներ և տիրանում մեծ փողերի, մինչդեռ շատ ու շատ ազատամարտիկներ հացի և ծխոխոտի փողն անգամ չունեն, սակայն մեր նոր սերնդի առյուծ-տղերքը գերազանցում են նախորդներին և արժի նրանց համար ևս մեկ անգամ զենք վերցնել, կռվել, արյուն թափել և կյանք տալ: Լուսանկարները և տեսանյութը՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր