211652_close_icon
views-count40212 դիտում article-date 22:33 11-11-2016

48-ամյա զոհված ազատամարտիկի 13-ամյա որդին հոր ծննդյան օրը սկսել էր խոզապահությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ապրիլի 30-ին առաջնագծի հյուսիս-արևելյան հատվածում զոհված, հայրենիքի պաշտպանության համար հերթական անգամ զինվորագրված ազատամարտիկ, կամավորական Վազգեն Հարությունյանը նոյեմբերի 9-ին կդառնար 48 տարեկան: Հայրենանվեր հայորդին մահացավ՝ իր և իր փոքրիկ ընտանիքի միակ երազանքն անկատար թողած: Վազգենի, նրա կնոջ և 2 որդիների երազանքը մեկն էր. որ բարդ հիվանդությամբ՝ մանկական կաթվածով տառապող, 14- ամյա Գրիգորին առողջանա: Կենտրոնական նյարդային համակարգի հիվանդությունից տառապող Գրիգորին չի կարողանում խոսել, քանի որ գրեթե չի կարողանում նաև լսել: Երեխան ունի շուրջօրյա խնամքի և ուշադրության կարիք, ինչի պատճառով Վազգենի այրին՝ տիկին Անուշը, չի կարողանում աշխատել: Ընտանիքը պահելու հոգսն ընկել է տան փոքրի՝ 13 ամյա Ալեքսանդրի ուսերին, ով օր ու գիշեր հավ և խոզ է պահում: Նոյեմբերի 9-ին Հարությունյանների նեղլիկ բնակարանում ասեղ գցելու տեղ չկար: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով մեկնարկած «Մենք ձեզ հետ ենք» խորագրով ծրագրի շրջանակներում հերոսացած հայորդու՝ Շուշիում ապրող ընտանիքին այցելեց «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» ՀԿ-ի պատվիրակությունը: ՂՊՎ միության նախագահ, ազատամարտիկ Յուրա Միքայելյանն անձամբ էր եկե, ծանոթանալու, սոցիալական ծանր իրավիճակում հայտնված ընտանիքի ղեկն իր ձեռքը վերցրած 13-ամյա Ալեքսանդրի հետ, ով տուն վերադարձավ միայն խոզապահի պարտականությունները կատարելուց հետո: ՂՊՎ միութունը Հարությունյանների ընտանիքին փոխանցեց Վազգեն Հարությունյանին հետմահու շնորհված ՂՊՎ սահմանած «Հայրենիքի պաշտպանության համար» շքանշանը, ինչից հետո ընտանիքի անդամների հետ այցելեց Վազգեն Հարությունյանի գերեզման: Հավելենք, որ հանդիպման ժամանակ Հարությունյանների տանն էին նաև Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցում ներառական կրթություն իրականացնող մանկավարժները, որոնց հետ զրույցում ՂՊՎ պատվիրակությունը պարզեց, որ 14-ամյա Գրիգորին այժմ ունի լսողական սարք, սակայն դեռևս չի կարողանում այն կրել սովորել, որից բացի սարքի մեջ աղմուկ է նկատվում և այն պետք է կարգավորել, ինչի համար Շուշիի գիտատեխնիկական հնարավորությունները բավարար չեն: Վազգեն Հարությունյանի ընտանիքին օժանդակելու համար, Արցախբանկում բացվել է հաշվեհամար, ընտանիքի մոր՝ Անուշ Տոնոյանի անունով: Արցախբանկ. հաշվեհամար 22300021402100. ստացող Տոնոյան Անուշ Բորիսի: Ընտանիքին այլ կերպ աջակցել ցանկացողները, կարող են զանգահարել Անուշին՝ 097342181, կամ 047733061 հեռախոսահամարով: Լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր