211652_close_icon
views-count48661 դիտում article-date 11:35 30-10-2016

Արտակարգ դեպք Երևանում. հերթական անգամ բարձրահարկ շենքի վերելակի պատճառով բնակիչը ծայրահեղ վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, իսկ պատկան մարմինները «Հօդս են ցնդել». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խաղաղ Դոնի 23 շենքի 6-րդ հարկի վերելակում քաղաքացիներ են արգելափակվել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին փրկարարները՝ քաղաքացիները իրենց ուժերով, մեծ դժվարությամբ կարողացել են՝ կիսով չափ վերելակում հայտնված 63-ամյա Ռիտա Դոդոխյանին դուրս բերել, ով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշվող վելերակը մի իսկական պատուհաս է դարձել բնակիչների համար և դեռևս թարմ է հիշողությունը, երբ մի քանի տարի առաջ նույն վերելակի պատճառով 8 տարեկան տղա երեխան լուրջ վնասվածքներ էր ստացել ու դրանից հետո պատկան մարմիները խոստացել էին, որ հիմնովին կվերանորոգի կամ կփոխվի վերելակը, սակայն ինչպես ժողովուրդն է ասում, իսկ ժողովուրդը չի սխալվում՝ «Այդ ամենը օդ դուրս եկավ»: Հարևանները արդարացիորեն բարձրաձայնում են նաև, ասելով. «Երբ շենքի վրա Բիլայնը ալեհավաք անտենաներ տեղադրեց, մենք չընդվզեցինք, քանի որ նրանք խոստացան, որ իրենք էլ որպես բարի կամքի դրսևորում՝ կվերանորոգեն շենքի մուտքի բոլոր հարկերը և վերելակն էլ այնպես կվերանորոգեն, որ մի 50 տարի առանց շառ ու փարձանքի կշահագործվի, մինչդեռ անտենան տեղադրելուց հետո իրենց կապի նման դարձան անհասանելի»: Այս պահին ժամանել է նաև ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Թորգոմ Մաթևոսյանի գխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ եթե այս դեպքից հետո պատկան մարմինները հետևություններ չանեն, բնակիչների տակ փափուկ բարձ չդնեն, ապա չի բացառվում, որ նման դեպք նորից կրկնվի: Ի դեպ՝ բնակիչները կանոնավոր վճարում են վերելակի սպասարկման վարձը, որը ներառված է գույքահարկի մեջ: Վճարում են անգամ 1-ին, 2-րդ և 3-րդ հարկերի բնակիչները, ովքեր իրենց տներ կարող են մտնեն «թռվռալով»: Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ տուժողը գտնվում է կայուն ծանր վիճակում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածը միայնակ չի եղել. նա եղել է իր աղջկա հետ, ովքեր այս շենք էին այցելել բնակարան գնելու նպատակով: Դեպքի մասին տեղեկացվել է նաև էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանը, ում կարգադրությամբ ժամանում է վարչական շրջանի կոմունալ ծառայության պետը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր