211652_close_icon
views-count1836 դիտում article-date 22:36 25-10-2016

«Փոխվում է ամեն ինչ ու մեծ արագությամբ». ՀՀ ԱԺ պատգամավոր

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին. -Մենք մի տեսակ սկսել ենք չզարմանալ այն անակնկալներից, որ տեղի են ունենում աշխարհում։ Իսկ անակնկալներն ու փոփոխությունները քիչ չեն, եթե չասենք ավելին, դրանք ամենուր են, անկանխատեսելի, այն մասշտաբի, որ նույնիսկ մի քանի տարի առաջ ենթադրել չէր կարելի։ Փոխվում է ամեն ինչ ու մեծ արագությամբ։ Անգամ երբեմնի ամուր թվացող համակարգեր այսօր արդեն կասկածելի կայունություն ունեն։ Եվրոպական երկրների ներկայացուցիչներն անգամ չեն բացառում ապագայում Եվրամիության փլուզման հավանականությունը, նրանք մտորում են իրենց ապագայի մասին: Շարունակվում է Ռուսաստան-Արևմուտք պայքարը, ուժի մեջ են Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները։ Միացյալ Նահանգներում նախագահական անկանխատեսելի ընտրություններ են։ Այս թվարկումը կարելի է շարունակել։ Փոխվում են պայքարի ձևերը, հարաբերությունները պետությունների միջև, կառավարման մոդելները, պատկերացումները աշխարհի, երևույթների մասին, մի խոսքով՝ գրեթե ամեն ինչ։ Այդ գլոբալ փոփոխությունները, ուզենք թե չուզենք, առնչվում են նաև մեզ։ Ու մենք պետք է պատրաստ լինենք դիմագրավել մարտահրավերներին։ Հայաստանը աշխարհագրորեն թեժ տարածաշրջանում է, որտեղ ամեն ժամ նոր զարգացումներ են, որտեղ վտանգն ամեն պահի կախված է։ Մենք ունենք հարևան, որի պետական այրերի հռետորաբանությունը վտանգավոր ենթատեքստ ունի։ Հիշեցնեմ միայն Էրդողանի վերջին հայտարարությունները, ըստ որոնց, Մոսուլը, Հալեպն ու Բաթումը պատմական թուրքական տարածքներ են։ Ցանկացած երկրում, այդ թվում՝ Հայաստանում, կայունությունը, զարգացումը պայմանավորված է ներքին ու արտաքին ազդակներով, տնտեսության վիճակով, քաղաքական կայունությամբ, քայլ առ քայլ հաշվարկված ծրագրերով։ Մենք պետք է աշխատենք լինել հնարավորինս անխոցելի։ Իսկ դա ենթադրում է կառավարման արդյունավետ համակարգի ստեղծում ու զարգացում։ Դրան են ուղղված վերջին տարիներին Հայաստանում մեկնարկած լայնամասշտաբ փոփոխությունները՝ սահմանադրական բարեփոխումներ, ժողովրդավարական համակարգերի զարգացում, մարդու իրավունքների պահպանմանն ուղղված քայլեր, կառավարման ճկուն համակարգերի ներդրում և այլն։ Մեր երկիրը մեր փոխարեն ոչ ոք չի կառուցելու, չի պաշտպանելու ու չի սիրելու։ Մեր իրական ուժը մեր ազգային միասնության մեջ է, ուստի ամրապնդելով այդ միասնությունը՝ մենք պետք է գնանք առաջ, այլ ճանապարհ չունենք։

Նմանատիպ նյութեր