211652_close_icon
views-count6214 դիտում article-date 20:19 25-10-2016

Ադրբեջանը շարունակում է ապակայունացնել իրավիճակը շփման գծում. Վիգեն Սարգսյան

Հոկտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունեց հերթական տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Վորլիքին, Պիեռ Անդրիոյին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Համանախագահների խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարն անդրադարձավ բանակցային գործընթացի ռազմաքաղաքական ասպեկտներին եւ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակին: Նախարար Սարգսյանը տեղեկացրեց, որ ապրիլյան ռազմական գործողություններից հետո էլ Ադրբեջանը շարունակում է ապակայունացնել իրավիճակը շփման գծում, պարբերաբար աճում է կրակոցների քանակը, մեծանում է կիրառվող զենքերի տրամաչափը` հանգեցնելով նոր զոհերի: Վիգեն Սարգսյանը նշեց, որ բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրելու համար Հայաստանը կարևորում է շփման գծում հրադադարի անվերապահ պահպանումը եւ հակամարտ կողմերի միջեւ վստահության ամրապնդումը: Կողմերը կարծիքներ փոխանակեցին նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունների հիման վրա բանակցային գործընթացը շարունակելու, դեսպան Ա.Կասպիշիկի գործառնական հնարավորություններն ընդլայնելու ուղիների վերաբերյալ: Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պյեռ Անդրիոյին վերջին երկու տարիների ընթացքում արդյունավետ միջնորդական աշխատանքի համար՝ մաղթելով հաջողություններ հետագա աշխատանքային գործունեության մեջ:

Նմանատիպ նյութեր