211652_close_icon
views-count3188 դիտում article-date 21:12 24-10-2016

Տեղի է ունեցել ՄԻՊ առընթեր խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդի հերթական նիստը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են Խորհրդի պարբերական այցելության ենթակա ազատությունից զրկման վայրերի ցանկը և ժամանակացույցը: Հաստատվել է Խորհրդի անդամների մասնակցությունը Պաշտպանի աշխատակազմի կողմից ազատությունից զրկման վայրեր կազմակերպվող այցելություններին: Մանրամասն քննարկվել և ուսումնասիրվել են օրեր առաջ Մարդու իրավունքների պաշտպանի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ հանդիսացող Խորհրդի մի շարք անդամների «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ չհայտարարված այցի արդյունքները: Նիստի օրակարգում քննարկման առարկա են դարձել ազատությունից զրկման վայրերում մահվան, մասնավորապես՝ ինքնասպանության դեպքերի կանխարգելմանն ուղղված համակարգային միջոցառումների և մեխանիզմների մշակման հարցերը: Նախանշվել է պետական համապատասխան մարմինների ներգրավմամբ՝ համատեղ քննարկման հիման վրա նախանշել այն միջոցառումները, որոնք համակողմանիորեն կնպաստեն ինքնասպանության կամ ինքնավնասման դեպքերի կանխարգելմանն այդ վայրերում: Նիստի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է նաև Խորհրդի անդամների ներգրավվածությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից խոշտանգումների կանխարգելման ոլորտում կազմակերպվող ուսուցողական և այլ բնույթի միջոցառումներին: Առանձնապես կարևորվել է նաև ուսուցողական ծրագրերին քրեակատարողական ծառայողների մասնակցությունը: [b] ՄԻՊ աշխատակազմ[/b]

Նմանատիպ նյութեր