211652_close_icon
views-count39578 դիտում article-date 15:43 24-10-2016

Գյուղացիները նշում էին. «Վայքի ճանշինի կառուցած Սարավանի հայտնի կամրջի վրայով անվտանգ անցան ծանրաքարշ բեռնատարներն ու Ազգային ժողովի պատգամավորը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցի ժամանակ ասում էր, որ վարչապետ Կարեն Կարապետյանի կարգադրությամբ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը և «ՀԱՅԱՎՏՈՃԱՆ»-ը անելու են ամեն անհրաժեշտ գործողություններ, որպեսզի քաղաքացիները Երևանից դուրս ճանապարհներին երթևեկեն անվտանգ և տարվելու են աշխատանքներ, որպեսզի ճանապարհների բարեկարգումը կատարվի օպերատիվորեն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 1 ամիս առաջ Վայքի ճանշինի աշխատակիցները՝ Ճանշինի պետ Կարո Գևորգյանի գլխավորությամբ հիմնովին վերակառուցեցին Երևան-Մեղրի ավտոճանապարհի 159-րդ կմ հատվածում, ժողովրդի լեզվով ասած՝ Սարավանի կամուրջը։ Գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Էդ կամուրջն արդեն լրիվ դառել էր Թութանհամոնի գերեզման. կպնեիր, կփշրվեր, բայց լավ էր՝ 1 ամիս առաջ Վայքի ճանշինի տղերքը հին կամուրջը հիմքից քանդեցին ու տեղը կապիտալնի նորը կառուցեցին»։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հիմնովին կառուցված կամրջի երկարությունը 23 մետր է, լայնությունը՝ 11 մետր, իսկ խորությունը՝ 6 մետր։ 6 մետր խորության մեջ էլ ճանշինականները տեղադրել են բետոնե հատուկ կոնստրուկցիաներ, ինչն ապահովում է ջրի անվտանգ հոսքը և անգամ կարող է շահագործվել որպես սելավատար խողովակ։ Կամրջի՝ հիմնովին վերակառուցման աշխատանքները ղեկավարել են Վայքի ճանշինի տեղամասի պետ Գնել Սարգսյանը և աշխղեկ Մեխակ Մարգարյանը։ Գյուղացիներն էլ անգամ կեսկատակ-կեսլուրջ ասում էին. «Կամրջի շահագործման հանձնման պրոցեսն արեցինք կոմունիստների ոճով։ Տեղամասի պետն ու աշխղեկը մտան կամրջի ջրահեռացման խողովակի տակ, իսկ կամրջի վրայով անցան ծանրաքարշ մեքենաները և անգամ այս պահին այդտեղով անցնելիս է եղել Ազգային ժողովի պատգամավոր Շուշան Պետրոսյանը, ու էդքան բան կամրջի վրայով անցնելուց հետո ոչ մի ճաք, ոչ մի փլուզում չի եղել։ Գ. Շամշյանը հայտնում է, որ այդ ընթացքում կամրջի՝ հիմնովին վերակառուցման աշխատանքների ժամանակ Վայքի ճանշինականները ժամանակավորապես կառուցել էին շրջանցիկ ճանապարհ։ Մասնագիտական հանձնաժողովը, ուսումնասիրելով մատուցած կամրջի աշխատանքները, «գառանտիա է տվել», որ այն կարող է 80 տարի շահագործվել։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+

Նմանատիպ նյութեր