211652_close_icon
views-count5304 դիտում article-date 23:12 20-10-2016

Մեկնարկում է Տաթևիկ Սազանդարյանի ծննդյան 100–ամյակին նվիրված դասական երգեցողության հանրապետական 7-րդ մրցույթը

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի երաժշտական ընկերության, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ` ս. թ. հոկտեմբերի 20-ից նոյեմբերի 6-ը կանցկացվի մեներգիչների (դասական երգեցողություն) հանրապետական 7-րդ մրցույթը՝ նվիրված ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, Տաթևիկ Սազանդարյանի ծննդյան 100-ամյակին: Դասական երգեցողության մեներգիչների հանրապետական մրցույթն անցկացվում է 1999 թվականից, 2008 թվականից` 3 տարին 1 անգամ: Մրցույթն անցկացվում է հանրապետության շնորհալի երգիչ-երգչուհիների բացահայտման, նրանց մասնագիտական ներուժի խթանման, հետագա գործունեության ծավալման և տաղանդի դրսևորման, ինչպես նաև հայ օպերային արվեստի երախտավորների հիշատակն արժևորելու նպատակով: Հանրապետությունում արդեն անցկացվել է 6 մրցույթ, որին մասնակցել են 288 երիտասարդ երգիչ-երգչուհիներ: Մրցույթները նվիրվել են Արշավիր Կարապետյանի /1999 թ./, Թամարա Շահնազարյանի /2004 թ./, Պավել Լիսիցիանի /2011 թ./, Գոհար Գասպարյանի /2008 թ. և 2014 թ./, իսկ 2006 թվականին և այս տարվա մրցույթները՝ Տաթևիկ Սազանդարյանի հոբելյաններին: Մրցույթների լավագույն դափնեկիրները համալրել են ոչ միայն ազգային օպերային թատրոնի, այլև արտերկրի առաջատար օպերային թատրոնների ստեղծագործական կազմերը և այսօր շատերը համարվում են հեղինակավոր թատրոնների առաջատար մենակատարներ: Այս տարի մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել պետական կոնսերվատորիայի, ՀՀ և ԼՂՀ երաժշտական և արվեստի քոլեջների 41 երգիչ-երգչուհիներ, ուսանողներ և շրջանավարտներ: Մեներգիչների հանրապետական 7-րդ մրցույթի հաղթողների համար սահմանվում են հետևյալ մրցանակները (կանանց և տղամարդկանց անհատական). 1-ին կարգի մրցանակ՝ դիպլոմ և 300.0 հազարական դրամ, 2-րդ կարգի մրցանակ՝ դիպլոմ և 250.0 հազարական դրամ, 3-րդ կարգի մրցանակ՝ դիպլոմ և 200.0 հազարական դրամ: Հատուկ մրցանակներ՝ ամենաերիտասարդ մասնակիցներին. «Հույսի մրցանակ» 100.0 հազ. դրամ, Տ. Սազանդարյանի օպերային ստեղծագործությունների երկացանկից՝ լավագույն կատարման համար 100.0 հազ. դրամ, լավագույն կոնցերտմայստերի համար 100.0 հազ. դրամ: Հատուկ մրցանակներ կարող են սահմանել ստեղծագործական միությունները, հասարակական կազմակերպությունները, անհատ անձինք:

Նմանատիպ նյութեր