211652_close_icon
views-count8186 դիտում article-date 23:32 20-10-2016

Հանում են ոսկորներն ու այրում (John Wycliffe)

Ռեֆորմացիայի և Վերածննդի հիմնական խթանը հոգևոր-մշակութային քննադատություն է: Եվ առաջին մեծ քննադատն ու բարեփոխիչը, պատկերավոր ասած՝ Ռեֆորմացիայի նախակարապետը, համարվում է Ջոն Վիկլեֆը (անգլ. John Wycliffe): Նա ծնվել է 1320թ-ին, Յորքշիրում, ազնվականի ընտանիքում: Կրթություն է ստացել Օքսֆորդի համալսարանում: Նրա մասին հավաստի տեղեկություններ են պահպանվել 1361-ից սկսած՝ Օքսֆորդի Բալիոլ քոլեջում մագիստրոս նշանակվելուց հետո: Միաժամանակ նա Օքսֆորդի մերձակա եկեղեցիներից մեկի քահանան էր: Օքսֆորդի համալսարանում Ջոն Վիկլեֆը երիտասարդ տարիքում հարում է Ռոջեր Բեկոնի (անգլիացի փիլիսոփա, հալածվել է եկեղեցու կողմից, մականունը՝ «Զարմանահրաշ դոկտոր» (լատ.՝ Doctor Mirabilis)) հիմնած գիտական շարժմանը: Եվ 1366-1367թթ. զբաղվում է բացառապես գիտական-տեսական գործունեությամբ՝ ֆիզիկայի, տրամաբանության և փիլիսոփայության բնագավառներում: 1372թ. ստանում է դոկտորի, այնուհետև՝ պրոֆեսորի աստիճան: Սակայն նրա կրքոտ բնությունը չի բավարարվում պրոֆեսոր-տեսաբանի գործունեությամբ: Պապական դավնաբանական և գործառնական ճնշումները դրդում են Վիկլեֆին կանգնել Անգլիական եկեղեցու ինքնավարության պաշտպանության դիրքերում: Վիկլեֆը ջերմեռանդորեն դատապարտում է պապական համակարգի կողմից այլասերվող անգլիական հոգևորականությանը: [img]/ups/images/0894174001476964122104771.jpg[/img] [i]Ջոն Վիկլեֆը աշխատելիս[/i] 1374թ-ին Վիկլեֆը թագավորի կողմից ուղարկվում է Բրյուգե՝ (քաղաք ներկայիս Բելգիայում) պապական նվիրակների (պապական դեսպաններ, որոնք լիազորված են հանդես գալ եկեղեցու անունից) հետ բանակցելու: Նույն տարում նա նշանակվում է Լոստեր կոմսության Լյոթերվորթի ճեմարանի տեսուչ: Նրան տրվում է դասախոսելու և իր գաղափարները ազատորեն տարածելու հնարավորություն: [img]/ups/images/0107117001476984921912237.jpg[/img] [i]Բրյուգե քաղաքի տեսարաններ[/i] Վիկլեֆի համարձակ հռետորաբանությունն ու նոր մտածողությունը Օքսֆորդ են բերում բազմաթիվ աշակերտների, որոնք հետագայում որպես թափառական քարոզիչներ ամբողջ Անգլիայով տարածում են նրա գաղափարները: Նրա հետևորդները ստեղծում են թափառաշրջիկ քարոզիչների միաբանության պես մի բան: Նրանք երկար կարմիր հագուստներով զույգերով շրջում են քաղաքներով ու գյուղերով և կրթում ժողովրդին: 1376-1377թթ. Վիկլեֆը դասախոսություններ է կարդում «Քաղաքացիական տիրապետությունը» թեմայով, որտեղ քննադատում է հոգևորականների ագահությունը, հղում անելով այն փաստին, որ Քրիստոսն ու առաքյալները ոչ մի ունեցվածք և աշխարհիկ իշխանություն չունեին: [img]/ups/images/0428772001476964132947148.jpg[/img] [i]Ջոն Վիկլեֆն ու նրա հետևորդները՝ թափառական քարոզիչները[/i] Դեռևս այն ժամանակ Վիկլեֆն առաջարկում էր ազգայնացնել (թագավորին հանձնել) եկեղեցապատկան հողերը: Նա առաջարկում էր վերացնել եպիսկոպոսական կոչումները, հոգևորականների ամուրիության պայմանը, ինդուլգենցիաների վաճառքը, ինչպես նաև կնունքի արարողության ժամանակ նյութական խորհրդանշանները: Վիկլեֆը քարոզում էր, որ մարդն Աստծո հետ միավորվում է միայն հոգեպես և նյութական ոչ մի առարկայի կարիք չկա: Հետևաբար եկեղեցու՝ որպես մարդու և Աստծո միջև միջնորդի դերը պետք է վերանայել: [img]/ups/images/0444474001476964210769764.jpg[/img] Ջոն Վիկլեֆի քարոզի հիմնական թիրախը սկզբում ուղղված էր պապական հարկահավաքությանը, ինչի հետևանքով անգլիական միաբանությունները սնանկանում էին: Նրա ազդեցությունը մտքերի վրա նկատելի էր հատկապես 1376թ. գումարված, այսպես կոչված, «Բարի խորհրդարանի» վրա, որը կոչված էր կարգավորելու եկեղեցու և պետության հարաբերությունները: Այդ ժամանակ պապական հոգևորականությունն, ի դեմս Լոնդոնի եպիսկոպոսի, առաջին անգամ Վիկլեֆի դեմ դատական հայց ներկայացրեց (1377թ.): Այդ ժամանակ ազնվականների մի մասը պաշտպանում էր Վիկլեֆին: Վիկլեֆը հանդիսավորությամբ ներկայացավ ատյան Անգլիայի մարշալ հերցոգ Ջոն Գաունթի և նրա շքախմբի ուղեկցությամբ: Դատարանում նախագահում էին հաստամարմին եպիսկոպոսները, որոնք գույնզգույն հագուստներ էին կրում: Վիկլեֆը նիհար էր, սև հասարակ թիկնոցով, երկար-փարթամ մորուքով, և միայն դեմքին փայլում էին ծակող կրակոտ աչքերը, որոնք վկայում էին ուժեղ բնավորության մասին՝ տոգորված մեծ գաղափարով: Մարշալը, հաշվի առնելով Վիկլեֆի հոգնածությունը, նրան առաջարկեց նստել: Դա համբերությունից հանեց Լոնդոնի եպիսկոպոսին: Վերջինս զայրացած բացականչեց. [b]«Ամբաստանյալի նստած մնալը անվայել և անպարկեշտ վերաբերմունք է դատարանի նկատմամբ»[/b]: Հերցոգը հակադարձում է եպիսկոպոսին. [b]«Ինձ թվում է, որ անվայել և անպատշաճ է հենց Ձեր վարքը, և միայն իմ հրեշտակային համբերությունը և Աստծո տաճարում պատվելի եպիսկոպոսների ներկայությունն են պատճառը, որ Ձեզ մազերից բռնած դուրս չեմ շպրտում տաճարից»:[/b] Այսպիսի զարգացումը առաջ բերեց ժողովրդական աննախադեպ ցնծություն և հոգևորականների դեմ վրդովմունքի ալիք բարձրացրեց: Պապականները որոշ ժամանակ դադարեցին ճնշել Վիկլեֆին և նրա հետևորդներին: Հաջորդ տարի (1378թ) անգլիական հոգևորականությանը հաջողվում է ստանալ պապական հրովարտակ, որով դատապարտվում է Վիկլեֆի ուսմունքը: Վիկլեֆը կրկին դատարանի առջև է կանգնում: Արքունիքի և Օքսֆորդի համալսարանի միջնորդությամբ նա չի ձերբակալվում: Իսկ դատի ժամանակ Լոնդոնի քաղաքացիները ներխուժում են դատարան և իրենց աջակցությամբ ազդում դատարանի վճռի վրա: Վիկլեֆին կրկին հաջողվում է խույս տալ պատժից: 1381թ գյուղացիական ապստամբությունը ճնշելուց հետո թագավորն ու ազնվականները վերապահումով են վերաբերվում ամեն տեսակ նոր մտքերին և տեսություններին: Նույն տարում Օքսֆորդի աստվածաբանները դատապարտում են Վիկլեֆի 12 թեզիսները, իսկ 1382թ. Լոնդոնի Հոգևոր Խորհուրդը ստիպում է Օքսֆորդի համալսարանի գիտնականներին դատապարտել Վիկլեֆի աստվածաբանական-հոգևոր տեսությունները: Նրան, ինչպես նաև նրա հետևորդներին ու աշակերտներին հեռացնում են համալսարանից, իսկ այնուհետև եկեղեցուց: Եվ Վիկլեֆը ստիպված հաստատվում է Լյոթերվորթում, շարունակելով գրել աստվածաբանական, գիտական աշխատություններ և քարոզել իր ուսմունքը մինչև մահը: [img]/ups/images/0191034001476964254231282.jpg[/img] [i]Կանստանցի տիեզերաժողովը[/i] 1384թ. դեկտեմբերի 28-ին քարոզի ժամանակ Վիկլեֆն ուղեղի կաթված է ստանում և մահանում երկու օր հետո: Մահվանից մոտ երեսուն տարի անց, 1415թ. Կանստանցի տիեզերաժողովը (Կաթոլիկ եկեղեցու XVI տիեզերաժողով, որն անցկացվել է Կանստանց քաղաքում, ներկայիս Գերմանիայում) Վիկլեֆին հետմահու հայտարարում են հերետիկոս և որոշում այրել նրա ոսկորները: 1428թ. պապականները Վիկլեֆի ոսկորները հանում են գերեզմանից, հրապարակավ այրում նրա գրքերի հետ միասին, մոխիրը թափում Սվիֆտ գետը: Այսպիսով պապականներն ավելի են խորացնում իրենց նկատմամբ անգլիացի ժողովրդի հակակրանքն ու թշնամանքը: [img]/ups/images/0116528001476964265272890.jpg[/img] [i]Սվիֆտ գետը[/i] Վիկլեֆի վարդապետությունը, չնայած նրա հետևորդների նկատմամբ հետապնդումների, շարունակվում է տարածվել հատկապես հասարակության ստորին խավերի շրջանում: Նրա տեսությունները հասնում են Եվրոպա մայրցամաք, տարածվում Գերմանիայում և Չեխիայում: [img]/ups/images/0928194001476964275701830.jpg[/img] [i]Ջոն Վիկլեֆի մասին ֆիլմի (1984թ.) ազդագիրն ու մեկ կադր[/i] Այսպիսով, Ռեֆորմացիայից շատ առաջ Ջոն Վիկլեֆը նախանշեց հասարակական այդ մեծ վերափոխումների հիմնական ուղղություններն ու կռվանները: Իսկ ըստ էության, Վիկլեֆի շնորհիվ Անգլիայում հիմնվեց Անգլիկան եկեղեցին, որը հետագայում անջատվեց Հռոմից: Անգլիկան եկեղեցին ամեն տարի դեկտեմբերի 31-ին նշվում է Վիկլեֆի օրը, Կանադայում և ԱՄՆ-ում Վիկլեֆի օրը նշվում է դեկտեմբերի 30-ին: Նրա անվամբ Անգլիայում անվանակոչվել են մի քանի աստվածաբանական և փիլիսոփայական կրթօջախներ, որոնց նախասրահների ապակիներին կան նրա նկարները: [img]/ups/images/0434494001476964290181241.jpg[/img] Վիկլեֆն առաջինն է լատիններից անգլերեն թարգմանում Աստվածաշունչը: Նա համոզված էր, որ անգլիացին մայրենի-հարազատ լեզվով Աստծո խոսքն իմանալուց հետո կարող է հոգեպես կապվել Աստծո հետ՝ առանց պապական միջնորդների: 1942թ. Վիկլեֆի անվամբ անվանակոչվում է թարգմանչական ընկերություն (Wycliffe Bible Translations) որը զբաղվում է Աստվածաշնչի թարգմանությամբ այն լեզուներով, որոնցով դեռ թարգմանված չէ, տարածել քրիստոնեությունն այն երկրներում որտեղ ծանոթ չեն: [img]/ups/images/0567006001476964302994033.jpg[/img] [i]Վիկլեֆի թարգմանած Աստվածաշունչը[/i]

Նմանատիպ նյութեր