211652_close_icon
views-count2236 դիտում article-date 13:55 14-10-2016

Նախագահն ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել Հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության 5-րդ համաժողովին մասնակցելու նպատակով: Հանդիպման սկզբում Նախագահ Սերժ Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել ռուսաստանյան իշխանություններին՝ այսօր առավոտյան Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարից տուժած քաղաքացիներին օպերատիվ օգնություն տրամադրելու և հինգ զոհ ու երկու տասնյակից ավելի վիրավորների պատճառ դարձած ողբերգական այդ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքների վերացմանն աջակցություն ցուցաբերելու համար: ՌԴ տրանսպորտի նախարարն իր և ամբողջ պատվիրակության անունից անկեղծ ցավակցություն է հայտնել ողբերգական վթարի հետևանքով զոհվածների հարազատներին և մերձավորներին, զորակցության խոսքեր հղել բոլոր տուժածներին: «Ես՝ որպես ՌԴ տրանսպորտի նախարար, այդ պատահարի հետ կապված ամեն ինչ անձամբ պահում եմ իմ վերահսկողության ներքո, ներգրավված են ինչպես ԱԻՆ, այնպես էլ բոլոր անհրաժեշտ ուժերն ու ռեսուրսները, այդ թվում՝ Առողջապահության նախարարության: Այս պահին բոլոր վիրավորները գտնվում են Վլադիկավկազի և Բեսլանի հիվանդանոցներում, նրանց մատուցվում է որակյալ բժշկական օգնություն: Կանենք ամեն ինչ, որպեսզի նվազագույնի հասցնենք ճանապարհատրանսպորտային այս պատահարի հետևանքները»,-նշել է Մաքսիմ Սոկոլովը: Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայ-ռուսական միջտարածաշրջանային երևանյան հերթական համաժողովի աշխատանքներին՝ երկուստեք կարևորելով Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների, գործարար և հասարակական շրջանակների ներկայացուցիչներին մեկ հարկի տակ համախմբող այդ միջոցառումը: Ընդգծելով, որ Հայաստանին և Ռուսաստանին կապում են բարեկամության և եղբայրության վրա հիմնված բազմադարյա սերտ կապերը, ՀՀ Նախագահը գոհունակությամբ է փաստել, որ այսօր այդ ամուր հիմքի վրա վստահորեն զարգանում են միջպետական դաշնակցային հարաբերությունները, որոնց կարևորագույն բաղադրիչն է միջտարածաշրջանային համագործակցությունը: «Մեր պետությունները միավորվել են մեկ տնտեսական տարածքում, և ապրանքի, ծառայությունների, կապիտալի ու աշխատուժի ազատ տեղաշարժը ստեղծում է նոր հնարավորություններ երկկողմ տնտեսական հարաբերությունների ակտիվացման համար: Հենց այդպիսի նոր հնարավորությունների բացահայտման նպատակով ենք մենք այս օրերին անցկացնում նաև Եվրասիական գործընկերության առաջին միջազգային համաժողովը: Մաղթում եմ ձեզ արդյունավետ աշխատանք՝ ի շահ մեր ժողովուրդների և պետությունների»,-հանդիպման մասնակիցներին ասել է Նախագահ Սարգսյանը: ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը և նրա գլխավորած պատվիրակության կազմում գտնվող ՌԴ նահանգապետերը նույնպես բարձր են գնահատել Հայաստանի և Ռուսաստանի միջև ձևավորված ու հաջողությամբ զարգացող ապակենտրոնացված համագործակցությունը՝ խորհրդանշական համարելով, որ Եվրասիական գործընկերության առաջին միջազգային համաժողովը ևս այս օրերին անցկացվում է Հայաստանում: Նրանք հույս են հայտնել, որ այդ ձևաչափը ևս արդյունավետ հարթակ կդառնա տնտեսությունների մերձեցման, բոլոր ուղղություններով համագործակցության համար: Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել միջազգային ֆորումը բարձր մակարդակով Երևանում հյուրընկալելու և աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր պայմաններն ստեղծելու համար:

Նմանատիպ նյութեր