211652_close_icon
views-count2306 դիտում article-date 22:00 13-10-2016

ԱԳ նախարարի տեղակալն ընդունեց Հայաստանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահի` մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցչի հետ

Հոկտեմբերի 13-ին ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց իր մանդատի շրջանակներում մոնիթորինգային այցով հոկտեմբերի 10-ից 14-ը Հայաստանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահի` մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցիչ և համակարգող Մադինա Ժարբուսինովային: Այցի շրջանակներում ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը հանդիպումներ է ունեցել ոլորտում ներգրավված ՀՀ պետական գերատեսչությունների, միջազգային ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, այցելել է մարդկանց թրաֆիքինգի զոհերի ապաստարան և սիրիացի փախստականների կացարան: Փոխնախարարի հետ հանդիպմանը նախորդել էր պատվիրակության անդամների հանդիպումը ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով Խորհրդի աշխատանքային խմբի հետ, որի համակարգումն իրականացվում է ՀՀ ԱԳՆ կողմից: Հանդիպման ընթացքում ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչն իր գոհունակությունը հայտնեց մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարում Հայաստանի ձեռքբերումների առնչությամբ, ինչպես նաև հակիրճ ներկայացրեց այցի արդյունքում բացահայտված խնդիրներն ու մարտահրավերները: Ողջունելով հյուրին՝ արտգործնախարարի տեղակալը նշեց, որ Հայաստանի իշխանությունները խիստ կարևորում են թրաֆիքինգի հանցագործությունից տուժած զոհերի իրավունքների լիակատար պաշտպանությունը և առանց նախապայմանների հնարավորինս լայն օժանդակության տրամադրումը: Նա անդրադարձավ այս ուղղությամբ Հայաստանում կատարվող աշխատանքներին` կարևորելով միջազգային պարտավորությունների շրջանակներում մեր երկրի կողմից իրականացվող գործողությունները:

Նմանատիպ նյութեր