211652_close_icon
views-count1971 դիտում article-date 16:02 28-09-2016

Այսօր Կատաղության դեմ պայքարի համաշխարհային օրն է

Կատաղությունը (հիդրոֆոբիա) վիրուսային վարակիչ (զոոնոզ) հիվանդություն է: Մարդու մոտ հիվանդությունն արտահայտվում է հիմնականում կենտրոնական նյարդային համակարգի ախտահարմամբ, ուղեկցվում շարժիչ կենտրոնների սուր գրգռվածությամբ, շնչառական ու կլման մկանների ջղաձգումներով: Կլինիկական այս ախտանշանների առկայության դեպքում հիվանդությունն ավարտվում է մահով: Բնության մեջ վարակի հիմնական աղբյուր և պահոց (ռեզերվուար) համարվում են գիշատիչ կենդանիները, չղջիկները, առնետները, իսկ կենցաղում` ընտանի (շներ, կատուներ) և գյուղատնտեսական կենդանիները (խոշոր եղջրավոր անասուններ): Մարդու համար վարակի աղբյուր համարվում են հիվանդության գաղտնի շրջանում կամ կատաղության կլինիկական դրսևորումներով կենդանիները: Գաղտնի շրջանը տատանվում է մի քանի օրից մինչև 1 տարի և ավելի: Վարակի փոխանցման մեխանիզմը` մարդու անմիջական շփումն է վարակի աղբյուրի հետ (մաշկի կամ արտաքին լորձաթաղանթների ամբողջականության խախտում` կծելու, թքոտելու, ճանկռելու և այլնի արդյունքում, ինչպես նաև թքոտում մաշկի և արտաքին լորձաթաղանթների ամբողջության պահպանման դեպքում): Կատաղության հիվանդության հարուցիչը լավ պահպանվում է ցուրտ պայմաններում, քայքայվում թթուների ազդեցությունից և արագ ոչնչանում մինչև 560C տաքացնելիս: Կատաղություն հիվանդությունը հատուկ բուժում չունի: Կանխարգելիչ պատվաստումները համարվում են նաև բուժում՝ հետևաբար անհրաժեշտ է հատկապես թափառող, անհայտ և վայրի կենդանիների կծելու, ճանկռելու կամ թքոտելու դեպքում անմիջապես դիմել բժշկական օգնության համապատասխան պատվաստումները ստանալու և հիվանդության զարգացումից զերծ մնալու համար: Հայաստանի Հանրապետությունում կատաղության դեպքեր վերջին անգամ արձանագրվել են 2009 թվականին:

Նմանատիպ նյութեր