211652_close_icon
views-count5612 դիտում article-date 18:36 25-09-2016

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Վարագա Սուրբ Խաչի տոնը

Վարագա Սուրբ Խաչի տոնը կապված է ազգային ավանդության հետ։ Նշում է միայն Հայ եկեղեցին։ Այս տոնը 653 թվականին հաստատել է Ներսես Գ Տայեցին։ Ըստ ազգային ավանդության, սուրբ Գայանյանց կույսերից սուրբ Հռիփսիմեն իր պարանոցին կրել է Քրիստոսի Խաչափայտից մի մասունք, որը Պատրոնիկե թագուհին Երուսաղեմից բերել էր Հռոմ։ Երբ հալածական կույսերն ապաստանել են Հայաստանում, սուրբ Հռիփսիմեն Վաղարշապատ գնալու ճանապարհին իր պարանոցը զարդարող սև մասունքը, երկու քահանաների պահպանության ներքո, զետեղել է Վարագա լեռան քարայրներից մեկում։ Քրիստոնեության դեմ հալածանքների պատճառով երկար ժամանակ սուրբ մասունքի գտնվելու վայրը գաղտնի է պահվել, իսկ քահանաների մահից հետո՝ մոռացվել, բայց այդ մասին հյուսված ավանդությունը միշտ հետաքրքրել է սրբակյաց ճգնավորներին։ 653 թվականին Վարագա լեռան վրա ապրող Թոդիկ և Հովել ճգնավորներն աղոթել են՝ իմանալու համար, թե որտեղ է պահված սուրբ մասունքը։ Հանկարծ լսվել է մի ձայն, որից հետո երևացել մի պայծառ լույս Վարագա լեռան վրա և 12 լուսեղեն սյուներ նրա շուրջը։ Լույսերը երկար ժամանակ լեռան վրա մնալուց հետո մտել են եկեղեցի և հանգչել եկեղեցու սեղանի վրա։ Հոգևորականներն ու աշխարհականները, իմանալով այդ մասին, մեծ թափորով շտապել են եկեղեցի։ Ժամանակին Ներսես Գ Տայեցի կաթողիկոսն ու Վարդ Ռշտունի սպարապետը, նույնպես Վարագ գալով, ստուգել են եղելությունը և մեծահանդես տոնախմբություն կատարել։ Նույն վայրում, որտեղ երևացել էին 12 լուսե սյուները, կաթողիկոսը կառուցել է Սուրբ Նշան եկեղեցին։ Վարագա վանքի մեջ հանգչող Խաչափայտը կոչվել է սուրբ Նշան և երկար ժամանակ պահվել այնտեղ։ Դեգերումներից հետո, 1655 թվականին դրվել է Վանի Սուրբ Տիրամայր Մայր եկեղեցում, որն այնուհետև կոչվել է Սուրբ Նշան։ Տոնը կատարվում է Խաչվերացից 15 օր հետո՝ սեպտ. 25-ից մինչև հոկտ. 1-ը հանդիպող կիրակի օրը։ Ներսես Գ Տայեցին Վարագա Սուրբ Խաչի տոնի առթիվ հորինել է «Նշանաւ ամենայաղթ խաչիւդ քո Քրիստոս» շարականը։

Նմանատիպ նյութեր