211652_close_icon
views-count2876 դիտում article-date 17:35 25-09-2016

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արգենտինայի տիկնանց միության անդամներին

Սեպտեմբերի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արգենտինայի Հայոց թեմի տիկնանց միության անդամներին: Ողջունելով Բուենոս Այրեսից ժամանած ուխտավորներին` Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնությունը բերեց նրանց` ընդգծելով, որ սիրով է կապված արգենտինահայությանը, որը նախանձախնդրորեն շարունակում է ապրել ամուր ազգային-հոգևոր կյանքով: Անդրադառնալով Արգենտինա կատարած իր հովվապետական այցելություններին` Նորին Սրբությունը նշեց, որ Արգենտինան, իբրև Սփյուռքի ամենակազմակերպված համայնքներից մեկը, գեղեցիկ վկայություններով է ապրում իր հուշերում: Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավոր իր գնահատանքը հայտնեց տիկնանց միության անդամներին` կարևորելով նրանց եկեղեցասեր և ազգանպաստ գործունեությունը: Վերջում Վեհափառ Հայրապետն իր բարեմաղթանքները փոխանցեց Արգենտինայի հավատավոր հայորդիներին` հորդորելով միշտ զորեղ մնալ իրենց հավատի մեջ և պահպանել համայնքի հայաշունչ ոգին:

Նմանատիպ նյութեր