211652_close_icon
views-count53912 դիտում article-date 15:41 25-09-2016

Լավագույն ավանդույթները սահմանամերձ Խաչիկ գյուղում շարունակվում են. գյուղում կտրվեցին աշխարհի ամենամեծ ու ամենափոքր գաթաները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Վայոց Ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ գյուղում տոն էր։ Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հավաքվել էին ոչ միայն տեղաբնակներ, այլ նաև հյուրեր՝ հանրապետության մարզերից, ԱՊՀ երկրներից, սփյուռքից, ինչպես նաև մեծ թվով զբոսաշրջիկներ։ Հերթական անգամ տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած գաթայի փառատոնը և մինչ, ըստ գյուղացիների, հյուրերին կներկայացվեին աշխարհի ամենամեծ ու ամենափոքր գաթաները, Արենիից դեպի Խաչիկ գյուղ տանող ճանապարհին՝ Խաչիկ գյուղի մուտքի մոտ, տեղի ունեցավ Սուր խաչի բացման արարողությունը, որից հետո հյուրերն այցելեցին Խաչիկ գյուղ։ Խաչքարի հովանավորը գործարար Ռոբերտ Խաչատրյանն է, ում հայրը քանդակագործի հետ ուխտ էր արել, որ Խաչիկ գյուղ մտնող ճանապարհին պետք է տեղադրվի Սուր խաչը և այդ խաչը պետք է նայի դեպի մեր բիբլիական Արարատը, ինչը խորհրդանշում է, որ՝ սրով լինի, հրով լինի, ուշ թե շուտ բիբլիական լեռը նորից լինելու է հայինը։ Գյուղապետարանի առաջ, կարելի է ասել, ասեղ գցելու տեղ չկար։ Մեր ու մանուկ, ահել-ջահել հյուրասիրում էին հյուրերին, և այս անգամ էլ սահմանամերձ Խաչիկ գյուղի հերոս բնակիչն ապացուցեց, որ իրենք աղա են, աղա էլ կմնան, ու եթե Երևանում անցկացվող նմանատիպ փառատոնների ժամանակ «հոր գներն են դնում», ապա խաչիկցիներն անկեղծ ու մեծ սրտով հյուրասիրություն էին կազմակերպել։ Միջոցառմանը ներկա էին նաև Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, օր ու գիշեր սահմանն անառիկ պահող Խաչիկ գյուղում տեղակայված զորամասի առյուծ-զինվորները՝ իրենց սպաներով և սիրված մի քանի աստղեր, այդ թվում՝ Սոֆի Մխեյանը, Սիբիլը, Եղեգնաձորում գործող պարի համույթները, Ջիվանու անվան աշուղական դպրոցի սաները և այլն։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Եղեգնաձորի ճանապարհին հավաքված օտարերկրացի բայքերները, իմանալով Խաչիկ գուղում տեղի ունեցող գաթայի փառատոնի մասին, հայտնեցին, որ նմանատիպ տոն նաև կատարվում է իրենց երկրում՝ Լեհաստանում, և ասացին, որ ողջ խմբով բայքերներով գնալու են Խաչիկ գյուղ՝ գաթա համտեսելու։ Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը՝ Խաչիկ գյուղից։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 755+
755+

Նմանատիպ նյութեր