211652_close_icon
views-count4395 դիտում article-date 20:21 24-09-2016

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պատվիրակությունը մասնակցել է Թբիլիսիում անցկացված իրավաբանական կրթության հիմնախնդիրներին նվիրված տարածաշրջանային կոնֆերանսին

Համալսարանականները կոնֆերանսին մասնակցել են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) միջև իրավաբանական կրթության ոլորտում իրականացվող համագործակցության շրջանակներում: Քննարկումների առանցքում իրավաբանական կրթության հիմնախնդիրներն էին ինչպես ներպետական, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներում: Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Գերմանիայի համալսարանների, իրավաբանական շարունակական կրթությունն ապահովող կառույցների ներկայացուցիչները ներկայացրել են իրավագետների պատրաստման գործում ձեռք բերած փորձը, հաջողությունները, նոր մոտեցումները, կադրերի պատրաստման գործում ներկայումս առկա մարտահրավերներին արձագանքելու մեխանիզմները, ինչպես նաև այդ գործընթացում առկա դժվարություններն ու թերությունները: Բանավեճերի շրջանակը նույնպես բազմազան էր՝ սկսած դպրոցականից ուսանողի վերածվելու գործընթացում դասախոսի մասնակցության աստիճանից, ուսանողի մոտ իրավաբանական մտածողության ձևավորման գործընթացից, մեթոդներից, մասնագիտական, պրակտիկ գիտելիքների տեսական ու ակադեմիական կրթության վրա առավել մեծ շեշտադրում կատարելու անհրաժեշտությունից մինչև իրավագիտության ոլորտում կրթություն ապահովող համալսարանների և իրավաբանական շարունակական կրթությունն ապահովող կառույցների համագործակցության հարթակներ: Կոնֆերանսի ձևաչափը հնարավորություն տվեց Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի համալսարանների ներկայացուցիչներին կլոր սեղանի շուրջ փնտրելու նաև տարածաշրջանային համագործակցության զարգացման հնարավոր տարբերակներ՝ հանդիպումներ, իրավաբանական կրթության ոլորտում միասնական կրթական չափորոշիչների ձևավորում, մեթոդաբանության մշակում, ամառային դպրոցներ, դատախաղեր, համատեղ հրատարակումներ և հետազոտություններ: Քննարկումների արդյունքում մշակվեց և կոնֆերանսի կազմակերպիչներին, մասնավորապես Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությանը ներկայացվեց առաջարկությունների փաթեթ՝ երկկողմանի և տարածաշրջանային ծրագրեր իրականացնելու նպատակով:

Նմանատիպ նյութեր