211652_close_icon
views-count4444 դիտում article-date 23:00 24-09-2016

Տեղի ունեցավ Դուդուկի և հայկական այլ նվագարանների փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը

Սեպտեմբերի 24-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում Գավառի մշակույթի տանը տեղի ունեցավ Դուդուկի և հայկական այլ նվագարանների փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը: 2016թ. «Իմ Հայաստան» համահայկական փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո և նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 25 ամյակին: 2012 թվականից, ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ավանդական դարձած Դուդուկի փառատոնն իր ազդեցությունն է ունեցել հայկական ծիրանափողն ավելի հանրահռչակելու գործում, նաև հնարավորություն է ստեղծվել Սփյուռքի տարբեր հատվածներում ապրող ու ստեղծագործող հայ դուդուկահարներին և օտար կատարողներին իրենց արվեստով ներկայանալ Հայաստանում: Միջոցառումը մեկնարկեց Հայկական ազգային նվագարանների պետական նվագախմբի ելույթով: Ելույթ ունեցան ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Դաբաղյանինի անունը կրող դպրոցի սաները, Դուդուկահարների մանկական եռյակը՝ «Ժողովրդական երգերի շարան»-ով: Կանադայից ժամանած մեր հայրենակիցներ Էդուարդ Ջերջիյանի և Մադիանա Թորոսյանի կատարմամբ հնչեցին «Տրապիզոնյան պար« և «Մշո աղջիկ,, ստեղծագործությունները: Ռոբերտ Պետրոսյանի «Հավատի երգը» Հայկական ազգային նվագարանների պետական նվագախմբի նվագակցությամբ (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Նորայր Դավթյանի) կատարեց սիրված երգիչ Հայկ Եսայանը: Ելույթ ունեցան Սանկտ Պետերբուրգից ժամանած, ազգությամբ կորեացի Վալերի Նամը, Թբիլիսիից՝ Իվանե Մկրտչյանը: Թեհրանի «Խոյագարան Մեհր» կանանց անսամբլը հայկական ստեղծագործությունները կատարեց իրանական ավանդական գործիքներով: ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Դաբաղյանի նվագակցությամբ և երգիչ Գուրգեն Դաբաղյանի կատարմամբ հնչեց «Ղարաբաղի հորովել» ստեղծագործությունը: Արցախցի դուդուկահարներ Նորայր Սահակյանը, Սեդրակ Ավագյանը և Համլետ Դաշյանը կատարեցին Արամ Խաչատրյանի «Պեպոյի երգը»: Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքից ժամանած Համամիութենական 9 մրցանակների դափնեկիր Յուրա Սարգսյանը ներկայացրեց «Հայկական պարերի շարք»: Հալեպահայ Ճորճ Վանեսյանի կատարմամբ հնչեց «Ժողովրդական պար-Բինգյոլ» ստեղծագործությունը: Համերգը եզրափակվեց Գերմանիայից ժամանած երաժիշտների ելույթով: Բեռլինից Գրեգոր Շուլենբերգը կատարեց Կոմիտասի «Խնկի ծառ» ստեղծագործությունը: Գերմանացի դուդուկահար Սյորեն Բիրկեին նվագակցեցին Ուվե Ֆիշերը, Աքսել Լորենցը և կոմպոզիտոր Դիրկ Միքայելիսը: Հնչեցին Դիրկ Միքայելիսի ստեղծագործությունները: Փառատոնի մասնակիցներին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի անունից ողջունեց և բարի երթ մաղթեց նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը: Նա փառատոնի մասնակիցներին հանձնեց ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրերն ու հավաստագրերը:

Նմանատիպ նյութեր