211652_close_icon
views-count2808 դիտում article-date 20:00 24-09-2016

Երևանի քաղաքապետը հանդիպել է Ստեփանակերտի գործընկերոջ հետ

ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի հիմնադրման 93-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Արցախում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ: Ողջունելով գործընկերոջը՝ Ստեփանակերտի քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել Տարոն Մարգարյանին հրավերն ընդունելու համար՝ ընդգծելով, որ սա ևս մեկ հրաշալի առիթ է` քննարկելու հայկական երկու պետությունների մայրաքաղաքների միջև հաստատված ծրագրերի ընթացքն ու առաջիկա անելիքները: «Ուրախ եմ, պարոն քաղաքապետ, Ձեզ կրկին հյուրընկալելու Ստեփանակերտում: Քաղաքի հիմնադրման օրը տոն է ոչ միայն Ստեփանակերտի բնակիչների, այլև ողջ արցախահայության համար: Իսկապես շնորհակալ եմ, որ ընդունեցիք իմ հրավերն ու կարևոր այս օրը մեզ հետ եք: Սա Ձեր կողմից ևս մեկ քայլ է՝ ուղղված երկու մայրաքաղաքների արդյունավետ համագործակցության էլ ավելի ամրապնդմանն ու ընդլայնմանը: Վստահ եմ, որ տոնական այս օրը Ձեզ համար ևս կլինի լիարժեք ու Երևան կվերադառնաք լավ տպավորություններով», - ընդգծել է Սուրեն Գրիգորյանը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և շնորհավորելով Ստեփանակերտի հիմնադրման 93-րդ տարեդարձի առթիվ` Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը միշտ պատրաստակամ է ըստ ամենայնի աջակցելու Ստեփանակերտին՝ կյանքի կոչելու քաղաքային տնտեսության ամենատարբեր ոլորտներին առնչվող համատեղ ծրագրերը:

Նմանատիպ նյութեր