211652_close_icon
views-count1232 դիտում article-date 17:56 26-08-2016

«Հայկական աշխարհը համացանցում» գիտաժողովն ամփոփեց իր աշխատանքները

Օգոստոսի 26-ին ՀՀ սփյուռքի նախարարության և Երևանի պետական համալսարանի նախաձեռնությամբ ԵՊՀ Ռիթա և Վարդգես Պալյանների անվան դահլիճում «Հայկական աշխարհը համացանցում» գիտաժողովն ամփոփեց իր աշխատանքները: «Սփյուռքը համացանցային հարթակում» խորագրով թեմատիկ նիստը վարում էր ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը: «Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության առաքելությունը համացանցի ճամփով» թեմայով զեկուցեց Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության լսատեսողական բաժանմունքի վարիչ Հայր Պետրոս վրդ. Մանվելյանը: Նա ամփոփ ներկայացրեց իրենց կայքում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության կողմից Սփյուռքում հայկական ինքնության պահպանմանը, հոգևոր դաստիարակությանը նպաստող ծրագրերի ու ձեռնարկների արտացոլումը: Պետրոս Մանվելյանը խոսեց Կաթողիկոսության գիտական հարուստ ձեռքբերումների, փորձառության և դրանք զարգացնելու ու տարածելու պատրաստակամության, համացանցում հայկական ներկայությունը աշխուժացնելու և այդ ուղղությամբ տարվող աշխատանքերի մասին: Նա անդրադարձավ Կաթողիկոսարանի և Վեհափառ Հայրապետի կողմից ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած նոր հնարավորությունների գործածության փորձին: Այնուհետև զեկուցումով հանդես եկավ Զմմառի Մայրավանքի փոխտեսուչ վրդ. Հայր Մաշտոց Զահթերյանը: Ներկայացնելով Զմմառի վանքի համացանցային կառույցը՝ նա անդրադարձավ Հայ Կաթողիկե եկեղեցու պաշտոնական կայքէջին, նրա կառուցվածքին, բաժիններին, կրթական, մշակութային գործունեության, գրադարանային, թանգարանային հարուստ հավաքածուի, ինչպես նաև Սփյուռքում գործող թեմերի ներկայացմանն ու լուսաբանմանը: Զեկուցողը ցավով նշեց, որ Զմմառի միաբանության կայքէջը իսլամիստ ծայրահեղականների կողմից ենթարկվել է հարձակման, այն այս պահին չի գործում, սակայն ակտիվ աշխատանքներ են տարվում հնարավորինս շուտ վերականգնելու ուղղությամբ: Լիբանանահայ գաղութի, ազգային ինքնության և սոցիալական ցանցերի մասին զեկուցեց Լիբանանի Ազգային Առաջնորդարանի տեղեկատվական բաժանմունքի պատասխանատու Րաֆֆի Դեմիրճյանը: Նա հանգամանալից ներկայացրեց լիբանանահայ համայնքի պատմությունը, անդրադարձավ Լիբանանի հոգևոր կենտրոնների դերին, համախմբվածությանը, Լիբանանում գործող պաշտոնական կայքէջերում դրանց արտացոլմանը:

Նմանատիպ նյութեր