211652_close_icon
views-count1567 դիտում article-date 20:20 25-08-2016

Երևանում մեկնարկեց «Հայկական աշխարհը համացանցում» գիտաժողովը

Օգոստոսի 25-ին ՀՀ սփյուռքի նախարարության և Երևանի պետական համալսարանի նախաձեռնությամբ ԵՊՀ Ռիթա և Վարդգես Պալյանների անվան դահլիճում մեկնարկեց «Հայկական աշխարհը համացանցում» գիտաժողովը: Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը: Ողջունելով ներկաներին՝ ՀՀ սփյուռքի նախարարը կարևորեց ոլորտի մասնագետների ակտիվ մասնակցությունը գիտաժողովին. «Ուրախ եմ այսօր ողջունել ձեզ մի հետաքրքիր համաժողովում, որն անցկացվում է «Հայկական աշխարհը համացանցում» խորագրով և հույս ունեմ ապագայում այն ավանդական կդառնա: Շնորհակալ եմ, որ ընդունեցիք մեր հրավերը: Նպատակ ունենք ոլորտի հայտնի մասնագետների հետ համատեղ ջանքերով ոչ միայն ներկայացնել այն ամենը ինչ ձեռք ենք բերել, այլև նախանշել այն քայլերը, որ պետք է ձեռնարկենք հայության հարցերը առաջ տանելու համար՝ հայկական ներուժի համախմբմամբ և օգտագործմամբ: 21-րդ դարը բարձր տեխնոլոգիաների արագ զարգացող դար է: Մենք արդեն վեց կայք ենք ստեղծել՝ հաշվի առնելով Սփյուռքի ցանկությունները, կարիքները, առաջարկները: Շնորհակալություն ՀԲԸՄ-ին՝ Հայկական վիրտուալ համալսարան ստեղծելու համար: Այն այսօր հաջողությամբ գործում է, լուծելով հայապահպանման, հայոց լեզվի պահպանման կարևորագույն խնդիրներ: Ցավոք մեր ներուժի հնարավորությունները և ստեղծածը համարժեք չեն: Մեծ ասելիք և անելիք ունենք: Մտածենք համահայկական վիրտուալ տարածք ստեղծելու մասին: Մեր մշակութային ժառանգության զգալի մասը գտնվում է հայկական սահմաններից դուրս, չկորցնելու համար պետք է թվայնացնենք այն: Մաղթում եմ մեր գիտաժողովին արդյունավետ աշխատանք»: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նույնպես կարևորեց գիտաժողովի անցկացումը որպես համահայկական հիմնախնդիրները համատեղ, սեփական ուժերով լուծելու հնարավորություն: «Հայկական աշխարհը համացանցի գիտակրթական հարթակում» խորագրով առաջին թեմատիկ նիստը վարեց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը: Զեկուցումներով հանդես եկան գիտնականներ և ոլորտի մասնագետներ Սփյուռքից և Հայաստանից: «Հայկական աշխարհը համացանցում. հիմնախնդիրներ և զարգացումներ» թեմայով զեկուցումով հանդես եկավ պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը: Խոսելով ազգային առաջնահերթությունների մասին՝ ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի ռեկտոր Երվանդ Զորյանը (ԱՄՆ) կարևորեց հայոց լեզվի և հայկական մշակույթի պահպանումը: Երևանի պետական համալսարանի դասախոս Արթուր Ավագյանը ներկայացրեց զեկուցում «Ուսուցողական ռեսուրսների վիրտուալիզացիա» թեմայով: «Հայալեզու հեռավար կրթությունը՝ կրթության մատչելիության բարձրացման մոդել» թեմայով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի Արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանը: Երևանի պետական համալսարանի ասիստենտ Գրիգոր Ղազարյանն անդրադարձավ «Հայկական իրականությանը վերաբերող համացանցային հրապարակումներ՝ իտալերեն լեզվի դասընթացներում»:

Նմանատիպ նյութեր