211652_close_icon
views-count3678 դիտում article-date 14:21 25-08-2016

Արցախում համաներում կհայտարարվի. խորհրդարանը միաձայն ընդունել է Բակո Սահակյանի առաջարկությունը

ԼՂՀ խորհրդարանն այսօր միաձայն հավանության է արժանացրել Արցախի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ԼՂՀ նախագահի առաջարկությունը: Արտահերթ նստաշրջանում խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ հանրապետության հիշարժան հոբելյաններին, սովորաբար, հայտարարվում է համաներում, և սույն համաներման ակտը թվով 6-րդն է և 4-ը՝ Հանրապետության հռչակման տոնի կապակցությամբ: Համաներման որոշման նախագիծը պատգամավորներին է ներկայացրել ԼՂՀ նախագահի ներկայացուցիչ Արայիկ Լազարյանը: Այնուհետև հարակից զեկույցով հանդես է եկել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը: Նստաշրջանին ներկա բոլոր պատգամավորները կողմ են քվեարկել (28 քվե) ԼՂՀ հռչակման 25–րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ԱԺ որոշմանը, որը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման պահից: Ամփոփելով նստաշրջանը՝ խորհրդարանի ղեկավարը ներկաներին շնորհավորել է գալիք տոների կապակցությամբ: «25-րդ տարեդարձը՝ մեր անցած ճանապարհի լավագույն ամփոփումն է: Մենք բազմաթիվ դժվարություններ ու զրկանքներ ենք կրել այս մեծ ճանապարհին և բազում զոհողությունների գնով հասել ներկայիս իրողություններին. այս ամենի գլխավոր հերոսը Արցախի քաղաքացին է»,- նշել է Աշոտ Ղուլյանը:

Նմանատիպ նյութեր