211652_close_icon
views-count54609 դիտում article-date 19:12 30-07-2016

Զինյալ դիպուկահարի արձակած կրակոցից ՊՊԾ գնդի մոտակայքում ոստիկան է զոհվել

Այսօր ՊՊԾ գնդի մոտակայքում սպանված 30-ամյա Յուրի Տեփանոսյանը 2011 թվականից ծառայում էր ՀՀ ոստիկանության զորքերում: Նա ամուսնացած էր, ուներ երկու դուստր, մեկ որդի: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հուլիսի 30-ին ՊՊԾ գնդի տարածքում դարանած դիպուկահարի գնդակից զոհվեց ոստիկանության զորքերի զինծառայող, ենթասպա Յուրի Տեփանոսյանը: Զոհվեց որպես զինվոր՝ դիրքում: Զոհվեց որպես ոստիկան՝ կյանքի գնով պահպանելով համաքաղաքացիների կյանքն ու անվտանգությունը: Յուրի Տեփանոսյանը ծնվել է 1986 թվականին, Երևանում: 2003 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը, 2004-2006 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: ՀՀ ոստիկանության զորքերում ծառայում էր 2011 թվականից: Երեսուն տարեկան էր ընդամենը, երազանքները շատ էին: Երկու դուստրերից հետո տղա էր ունեցել և որդուն տղամարդ մեծացնելու ու տղամարդ տեսնելու իղձն էր փայփայում հաստատ: Չհասցրե՛ց… Զոհաբերեց իրեն, որ ապահով մեծանան ոչ միայն իր, այլև բոլորիս երեխաները, որ անցնցում ու ամուր լինի իր ու բոլորիս Հայաստանը: Նվիրյալները զոհվում են ու չեն մահանում: Ենթասպա Յուրի Տեփանոսյանը գնաց զորացնելու անմահների երկնային գունդը, որ մեր երկրի ու ժողովրդի հավերժության երաշխավորն է: Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը ժամը 16-ի սահմաններում հանդես էր եկել հայտարարությամբ, որն, ըստ էության, վերջնագիր էր զինված խմբի անդամներին` զենքը վայր դնելու և առանց դիմադրության իշխանություններին հանձվելու համար` մինչև այսօր ժամը 17.00-ը: Հակառակ դեպքում, իրավապահ մարմինների հատուկ նշանակության ստորաբաժանումները լիազորված են առանց նախազգուշացման կրակ բացել և վնասազերծել ՊՊԾ գնդի տարածքում կամ դրանից դուրս գտնվող ցանկացած զինված անձի: Հիշեցնենք, որ այդ ժամկետն արդեն սպառված է։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր