211652_close_icon
views-count2891 դիտում article-date 19:45 26-07-2016

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը քննարկվել է դատական համակարգի և մտավորականության ներկայացուցիչների հետ

Մասնագիտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հանրային քննարկումները հուլիսի 26-ին շարունակվել են Արցախի պետական համալսարանում՝ դատական համակարգի ներկայացուցիչների և հանրապետության բուհերի իրավագիտության, քաղաքագիտության և պատմության դասախոսների մասնակցությամբ: Մասնագիտական հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ներկայացրել է մինչ այս փուլը հանձնաժողովի կատարած աշխատանքը, որից հետո ներկայացրել հայեցակարգի նախագիծը: Այնուհետև ներկաները հարցեր են առաջադրել մասնագիտական հանձնաժողովին՝ հայեցակարգի նախագծում իշխանությունների տարանջատման, զսպման և հակակշռման սկզբունքների, դատական բնագավառի օրենսդրական կարգավորումների իրականացման գործում նույն համակարգի ներկայացուցիչների մասնակցության հնարավորության, մարդու իրավունքների եվրոպական չափորոշիչների և ազգային մտածելակերպի համադրելիության, ինչպես նաև երկրի կառավարման մոդելների թեմաներով: Հանդիպման ընթացում մասնագիտական հանձնաժողովը ստացել է նաև մի շարք առաջարկություններ՝ սահմանադրության նախագծի մշակման փուլում համապատասխան մասնագետներից կազմված աշխատանքային խմբի ստեղծման, ինչպես նաև առաջարկությունների ու կարծիքների համար համապատասխան հարթակ ձևավորելու վերաբերյալ: Քննարկումների ավարտին Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել հասարակության մասնակցությունը երկրի համար կարևորագույն փաստաթղթի հայեցակարգի նախապատրաստման գործում և հավելել, որ աշխարհաքաղաքական սրընթաց զարգացումներին և մշտական փոփոխություններին Արցախը նույնպես պետք է պատրաստ լինի՝ նոր լուծումներ ու համարժեք քայլեր ձեռնարկելով:

Նմանատիպ նյութեր